Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի վրա: Քաղաքային իշխանությունների տվյալներով, զոհվել է երկու մարդ՝ ավտոմեքենայում, որի կողքին պայթել է դրոնը: Եվս վեց մարդ տուժել է:
Ուկրաինական տելեգրամյան ալիքները գրում են, որ անօդաչուները գրոհել են Նիժնեկամսկի արդյունաբերական գոտին, որտեղ մի քանի նավթավերամշակման ձեռնարկություն կա՝ «ՏԱՆԵԿՕ», «ՏԱԻՖ-ՆԿ», «Նիժնեկամսկնեֆտեխիմ»: Տեսանյութերում երևում են հրդեհներ: Իշխանությունները վնասի մասին դեռ չեն հաղորդել:
Ուկրաինական անօդաչուները թիրախավորել են նաև նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում: Astra տելեգրամյան ալիքի վերլուծությունը հաստատում է հարվածը ձեռնարկությանը: Տեղի իշխանությունները հաղորդել են արդյունաբերական ձեռնարկությունում հրդեհի մասին՝ առանց նշելու ձեռնարկության անվանումը, հայտնել են նաև, որ հարձակման հետևանքով վնասվել է գազատարը չորս մասնավոր տներում: Մեկ մարդ տուժել է:
Բելգորոդում գիշերը անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ, վնասվել է վեց բնակարան և բակում կայանված ավտոմեքենաներ: Ավերածություններ կան նաև Բելգորոդի մարզում: