Ուկրաինայի 22-ամյա քաղաքացին ինքնահրկիզում է իրականացրել Վարշավայի կենտրոնում, այժմ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է՝ կրիտիկական վիճակում, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին և Լեհաստանում Ուկրաինայի դեսպանատանը:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան Լեհաստանի նախագահի նստավայրի դիմաց: Տղամարդը, որի ինքնությունը չի հրապարակվում, իր վրա է լցրել դյուրավառ հեղուկը և հրդեհել այն: Առաջինը օգնության են հասել անցորդները, որոնցից մեկը կրակմարիչ է բերել մոտակա շենքից, ինչպես նաև Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ:
Շտապօգնության բուժակը հաղորդել է, որ երիտասարդը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել՝ դա մաշկի ծանր, խորը վնասվածք է: Բուժաշխատողի փոխանցմամբ՝ այրվել են տուժողի դեմքը, մեջքը, վերին և ստորին վերջույթները, նա նաև վերին շնչուղիների ծանր այրվածքներ է ստացել:
Հաղորդվում է, որ տուժածը «լեհի քարտ»՝ Լեհաստանում ապրելու, աշխատելու և գործարարությամբ զբաղվելու իրավունք ընձեռող փաստաթուղթ ունի, որին կարող են հավակնել լեհական արմատներ ունեցող օտարերկրացիները:
Ուկրաինական դեսպանատան տեղեկատվությամբ՝ լեհական ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները:
Super Express և Wiadomosci պարբերականները գրում են, թե ինքնահրկիզումը «մտածված էր իբրև մանիֆեստ», իսկ երիտասարդի ուսապարկում պահանջներով պաստառ կար: Ըստ Fact-ի՝ նա պահանջում էր Լեհաստանում Ուկրաինայի քաղաքացիներին վերաբերվել նույն կերպ, ինչպես լեհերին:
Ոստիկանությունը կոչ է արել սպասել հետաքննության արդյունքներին: