Կառավարությունը ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտա օգտվելու բնակարան կամ բնակելի տուն գնելու, կառուցելու մատչելի ու արտոնյալ պայմաններով պետական նպատակային վարկավորման ծրագրերից։ Համապատասխան օրենքի նախագիծը հավանության արժանացավ գործադիրի ապրիլի 18-ի նիստում և առաջիկայումմկքննարկվի խորհրդարանում։
Որոշման հիմնավորումներում նշվում է, որ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու հնարավորությունից, ըստ օրենքի, այժմ կարող են օգտվել Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության մարմինների ծառայողները, իսկ ոստիկանության ծառայողները դուրս են մնացել այս սոցիալական երաշխիքներից։ Ըստ Ներքին գործերի նախարարության հիմնավորման՝ այս փոփոխությունը բարձրացնելու է ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ապահովելու է ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները։
Օրենքի ընդունումից հետո կառավարությունը կմշակի ծրագրից ոստիկանության աշխատակիցների օգտվելու պայմանները, կարգը և այլն։ Ներքին գործերի նախարարությունը այս նախագիծը մշակել ու հանրային քննարկման էր ներկայացրել դեռ աշնանը, բայց այն վերջնական հավանության արժանացավ կառավարության կողմից ու ուղարկվեց ԱԺ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ։ Խորհրդարանն այս նախագիծը քննարկելու է անհետաձգելի կարգով։
Դեռ աշնանը ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանն ասել էր, որ ոստիկանության ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման աջակցությունը կլինի կանխավճարի փոխհատուցման, տոկոսադրույքի մարման տեսքով, կարգավորումը վերաբերելու է ոստիկանության բոլոր ծառայողներին։