Մատչելիության հղումներ

Որոշումները վերլուծելու ընթացքի մեջ ենք, այդ թվում՝միջազգաին գործընկերների աջակցությամբ. Փաշինյանը՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասին

Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները որքանո՞վ կարող են ազդել Հայաստանի վրա, արդյոք հայաստանյան համակարգը պաշտպանված է և արդյոք Երևանը Վաշինգտոնից ունի երաշխիքներ, որ Երևանի և Թեհրանի միջև իրականացվող ծրագրերը չեն հայտնվի հարվածի տակ: Այս հարցերին ի պատասխան` այսօր Հայաստանի վարչապետն ասաց՝ որոշումները բազմաշերը են, պետք է նախ դրանց բովանդակության հետ ծանոթանալ, միևնույն ժամանակ շեշտեց, ուր բանկային համակարգի հետ կապված մտահոգություն չկա:

«Ես կարծում եմ մեր բանկերը սանկցիոն առումով շատ բարձր կարգապահություն ունեն: Բանկային համակարգի հետ կապված որևէ մտահոգություն չունեմ, որովհետև ճշգրիտ աշխատում են»,- հայտարարեց վարչապետը:

«Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, որոշումները շատ բազմաշերտ են, պետք է այդ որոշումների բովանդակությանը ծանոթանալ, որովհետև վերնագիրը ուրիշ բան է, որոշումն՝ ուրիշ: Եվ իրականության կոկրետ գործարքների վրա դա ոնց է ազդում, կամ կարող է ազդել, դա արդեն հետագա աշխատանքի խնդիր է, և այդ աշխատանքն արվում է: Քանի որ նոր է պրոցեսը, և ծավալուն է մենք հիմա դա վերլուծելու ընթացքի մեջ ենք, այդ թվում՝ մեր միջազգաին գործընկերների աջակցությամբ, որպեսզի ամեն ինչ ճիշտ հասկանանք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հրապարակեl 18 պատժամիջոցները, որոնց նպատակն է Իրանի տնտեսական և ֆինանսական կապերը հնարավորինս կտրել արտաքին աշխարհից: Նախորդ շաբաթ, երբ պատժամիջոցները դեռ հրապարակված չէին, բայց Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելու մասին Միացյալ Նահանգներն արդեն հայտարարել էր, Հայաստանի վարչապետը ճեպազրույցում ասաց, որ Հայաստանի կառավարությունն անհանգստացած է այս վիճակով։

Նոր սահմանափակումները վերաբերում են ոչ միայն իրանական ընկերություններին և պաշտոնյաներին։ Միացյալ Նահանգները զգուշացնում է նաև Իրանի հետ տնտեսական գործարքներ իրականացնող երրորդ երկրների բանկերին և ընկերություններին, որ կարող են դադարեցնել ֆինանսական գործարքները Իրանի հետ առնչության պատճառով։ Հատկապես թիրախում են մի քանի ոլորտ՝ նավթի առևտուրը և փոխադրումը, բանկային և կրիպտոարժույթով փոխանցումները, նավագնացությունը, ավիացիան, ոսկու և տեխնոլոգիաների ոլորտները։

Վարչապետն այսօր օրինակ բերելով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաներին, ասաց.- «ՌԴ-ի դեմ էլ սանկցիաներ են կիրառվել, մենք ԵԱՏՄ անդամ լինելով մեր առևտրաշրջանառությունը կազմակերպել ենք: Տենց հնչել է, բայց հետո շատ բաներ տեսել ենք, որը վերաբերում է մեր բուն առևտրատնտեսական գործունեությանը, սանկցիաները չեն առնչվում իրենց հետ, բայց այդ փաստաթղթերը շատ ծավալուն ու տեխնիկական բնույթ ունեցող փաստաթղթեր են»:


XS
SM
MD
LG