Մատչելիության հղումներ

«Որևէ բանից չենք վախենում». ընդդիմությունից հայտարարում են՝ «անարձագանք չեն թողնի Սուքիասյանի սպառնալիքները»


«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, արխիվ
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, արխիվ

Այս պահին վարույթ նախաձեռնված չէ. դատախազություն

Չնայած սրբագրումներին, իշխանության հավաստիացումներին, թե ամբիոնից պատգամավորը «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնական դիրքորոշումը չի ներկայացրել, վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը մտադիր չեն անարձագանք թողնել ընդդիմության հասցեին Խաչատուր Սուքիասյանի երեկվա սպառնալիքները։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է «Ազատության»-ն ասել։

Իրավապահները դեռ նախաձեռնողականություն չեն ցուցաբերել. դատախազությունից «Ազատության»-ը փոխանցել են՝ այս պահին պատգամավորի հայտարարությունների վերաբերյալ վարույթ նախաձեռնված չէ։

Բագրատ սրբազանի արձագանքն ու Սուքիասյանի պարզաբանումը

«Վարույթ կամ հայց կներկայացվի արտախորհրդարանական, քաղաքացիների, որևէ մեկի կողմից, որպեսզի հասկանանք՝ մեր երկրում գործո՞ւմ է իրավունքը, թե՞ չէ, թե՞ միայն գործում է նրանց համար, ովքեր այսպես ասած՝ կարծում են, որ իրենք իրավունքի տերն են», - ասաց սրբազանը։

«Հաշվի առնելով մեր ունեցած տեղեկությունները՝ մեզ մոտ այնպիսի մի կարծիք է ստացվում, որ մեր գործընկերները և շատ ՀՀ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների։ Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել, և տեսնենք, թե նրանք ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում։ Կա՛մ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ այդ մարդիկ մահանում էին, կա՛մ այդ մարդիկ ունեզրկվում էին։ Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք, և դուք խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն», - հայտարարել էր իշխանական պատգամավորը։

Ամբիոնից հնչեցրած այս հայտարարությունները Սուքիասյանը կարճ ժամանակ անց Civic.am-ի հետ զրույցում խմբագրեց, թե սթափության կոչ է արել, այսօրվա իշխանությունը ժողովրդավարական ճանապարհն է ընտրել։ Բայց այս հավաստիացումները չեն մտափոխել ընդդիմադիրներին։

Երեք խմբակցությունների մեկնաբանությունները

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցող «Հայաստան» խմբակցությունում էլ հայտարարությունն ուսումնասիրում են՝ իրավական գործընթաց սկսելու համար։

«Իրավական գնահատական կտրվի մեր կողմից, և իմ համապատասխան գործընթացը կսկսվի, որովհետև այդ տիպի ելույթները որոշակի սպառնալիքներ են, և նաև իրենք քրեական օրենսգրքի համապատասխան կետերով պայմանավորված տարրեր են պարունակում», - նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը Խաչատուր Սուքիասյանի հայտարարության իր մեկնաբանությունն ունի։

«Խաչատուր Սուքիասյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, ենթադրում եմ, որ իշխանությունների անունից է խոսում, եթե ոչ, ապա գործի են դրվելու օլիգարխիկ հրոսակախմբեր և այլն։ Դա էլ խնդրեմ, խնդիր չկա, մենք որևէ բանից չենք վախենում», - ասաց նա։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»-ն էլ չբավարարվեց Սուքիասյանի պարզաբանմամբ։

«Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի դիրքորոշումը չի արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ Պարոն Սուքիասյանը դրա մասին պարզաբանում տվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և խորհրդարանական խմբակցությունն առաջնորդվում է բացառապես ժողովրդավարական ճանապարհով», - այսօր ասաց ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը։

«Մի քանի տարի է արդեն, ինչ գործում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը, և եթե մեր քաղաքական ուժը նպատակ ունենար առանց իրավական գործընթացների որևէ մեկին ունեզրկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ունեցվածքը բնավ օրինական ճանապարհներով չէ, որ կուտակվել է, դա արված կլիներ վաղուց», - հավելեց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Երեք տարի առաջ ՔՊ-ի ընտրական ցուցակով պատգամավոր դարձած Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը հարյուրավոր միլիոնների պետական պատվերներ է ստանում։

2008-ի մարտի 1-ից հետո առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող մեծահարուստ Սուքիասյանը մեղադրվեց «զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ»։ Մինչ Սերժ Սարգսյանի թիմակից, գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պնդում էր, թե օրինական է ձեռք բերել, ինքը՝ Սուքիասյանն խոսում էր այդ շրջանում իր ունեզրկման մասին, մասնավորապես, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանն իրենից խլել են։

Օտարերկրյա, մասնավորապես Ռուսաստանի շահերին ծառայելու մեղադրանքներ Փաշինյանի աջակիցները պարբերաբար ներկայացնում են ընդդիմադիրներին։

Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժման աջակիցներին նաև հենց վարչապետն էր իր վերջին ասուլիսում անդրադարձել՝ առանց ապացույց ներկայացնելու, իր ունեցած հավաստի տեղեկություններին հղում անելով։ Իրավապահներն այս հայտարարությանը հրապարակային չարձագանքեցին։ Հինգերորդ շարասյան ու գործակալների առատության մասին իշխանության պնդումները գլխավոր դատախազը ավելի վաղ որակել էր «անհասցե, քաղաքական հայտարարություններ», ուստի, ասել էր, վարույթներ չեն նախաձեռնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG