Շիրակի մարզի Ողջի գյուղում խեցգետիններն այդպես էլ չձմեռեցին, քանի որ պետական աջակցությամբ կառուցվող խեցգետնաբուծարանի ծրագիրը տապալվել է: Էկոնոմիկայի նախարարության խեցգետնաբուծության զարգացման աջակցման ծրագրից էին օգտվել Ամերիկայից Հայաստան վերադարձած Կարինե Թորոսյանն ու եղբայրը՝ Սոս Մխիթարյանը:
Նախարարության հետ հուշագիրը ստորագրեցին, Կարինեն Ամերիկայի տունը վաճառեց ու այդ գումարով սկսեցին Ողջիում խեցգետնաբուծարանի կառուցումը: Շինարարությունից հետո ներքին աշխատանքների համար նախատեսված 183 մլն դրամի 50 տոկոսը կառավարությունը պետք է վերադարձներ: Մի քանի ամսում կառուցվելիք խեցգետնաբուծարանը, սակայն, 2 տարի է չի կառուցվում:
Սոս Մխիթարյանը մեղքի սլաքը Էկոնոմիկայի նախարարության կողմն է ուղղում: Պնդում է, թե նախարարության պաշտոնյան է ուղղորդել, որ ներքին աշխատանքների, սարքավորումների ու խեցգետինների ապահովման պայմանագիր կնքի կապալառու «Արմլուս» ՍՊԸ-ի հետ:
Կապալառու «Արմլուս» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանը վստահեցնում է, որ նախարարության կողմից հովանավորչություն չի եղել: Մրցույթին 3 ընկերություն է մասնակցել և պատվիրատուն ինքն է նախապատվությունը տվել իրենց: Մինչդեռ Սոս Մխիթարյանի խոսքով՝ նախարարության 2 պաշտոնյաներն ու կապալառուն են քար գցել ծրագրի վրա՝ մեկը կապալառուին ուղղորդելով, մյուսը իրեն չվճարած 100 մլն դրամ գումարն ամբողջությամբ վճարելու սպառնալիքով:
«Արմլուս» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանը վստահեցնում է՝ էկոնոմիկայի նախարարության 2 պաշտոնյաներին անձամբ չի ճանաչել՝ ծրագրի շրջանակներում մի քանի անգամ հանդիպել են, քննարկում ունեցել:
Էկոնոմիկայի նախարարությունը ևս հերքում է Սոս Մխիթարյանի պնդումները: Արձագանքելով հովանավորչության մեղադրանքներին՝ գերատեսչության խոսնակ Լիլիթ Շաբոյանը խորհուրդ տվեց դիմել իրավապահներին:
Սոս Մխիթարյանի խոսքով՝ ինքը կապալառուին 83 մլն դրամ է փոխանցել, մնացած 100 միլիոնը՝ ոչ, քանի որ ընկերությունը աշխատանքները պատշաճ չի կատարել: Մխիթարյանը պնդում է, որ կապալառուն անընդհատ գումարն է պահանջել չարած գործի դիմաց: Հենց այստեղ է որ սիրտը կասկած է ընկել:
«83 միլիոն 590 հազար փոխանցել եմ, բացարձակ ոչ մի բան չի արել, նորից զանգել է՝ «փողը տուր»: Էդքան փողը տվել ենք, ի՞նչ ես արել, որ հիմա նորից ես ուզում», - ասաց Մխիթարյանը:
Այնինչ կապալառուն պնդում է, թե պարտավորություն չի ունեցել պատվիրատուին տեղեկացնել, թե ինչ ու երբ է ներկրում. «Պայմանագիրը նախատեսում է կնքումից մեկ տարի հետո պատվիրատուին հանձնել գործող խեցգետնաբուծարան կառավարության պահանջներով ու պայմաններով, թե մինչև էդ կազմակերպությունը երբ կանի, ոնց կանի, ինչ ժամկետում կանի, ունենք հստակ ֆիքսած մեկ տարին ու վճարման ժամանակացույց, վճարումները չեն կատարվել, այո, խեցգետնաբուծարանը չի կառուցվել»:
Կապալառուն ասում է՝ չնայած այս ամենին պատրաստ է այս պահին էլ ավարտին հասցնել խեցգետնաբուծարանի կառուցումը, բայց եթե պատվիրատուն կատարի պայմանագրային պարտավորությունները:
Պատվիրատուն չի պատրաստվում շարունակել կապալառուի հետ խեցգետնաբուծարանի կառուցումը, ու հիմա իրենք են դատի տվել:
Պետական ծրագրից օգտվելու ժամկետը լրացել է ու այս պահին այլևս չի գործում: Ի վերջո այսքան քաշքշուկից հետո խեցգետնաբուծարանը կկառուցվի՞, թե՞ ոչ. «Մենք ուզում ենք կառուցել, փողը, որ հետ բերենք, մենք կկառուցենք»:
Մինչ կողմերը շարունակում են լուրջ մեղադրանքներ փոխանակել, խեցգետնաբուծարանի կառուցումն օդից կախված է մնում: Սոս Մխիթարյանը այս ամենից մի հետևության է եկել, որ պետական աջակցության ծրագրից այլևս չի օգտվի: