ԱՄՆ հետախուզությունը հաստատել է, որ քառասունամյա ամերիկացի լրագրողի սպանության տեսահոլովակը համապատասխանում է իրականությանը: Նախագահ Բարաք Օբաման դատապարտել է լրագրող Ջեյմս Ֆոլեյի սպանությունը և զգուշացրել, որ ԱՄՆ-ն հետևողական է լինելու արդարադատության իրականացմանը:
«Այսօր ամբողջ աշխարհը ապշած է Իսլամական պետության զինյալների կողմից Ջիմ Ֆոլեյի եղերական սպանությունից», - ասել է նախագահ Օբաման:
Ջեյմս Ֆոլեյի սպանությունը հաջորդեց ԱՄՆ ռազմաօդային հարվածներին Իրաքի տարածքում, որի արդյունքում «Իսլամական պետության» զինյալները դուրս մղվեցին Մոսուլի գլխավոր ջրամբարի շրջակայքից: Այս առումով նախագահը նշեց, որ ԱՄՆ-ը շարունակելու է իր ռազմարշավը Իրաքում:
Երբ ամերիկացիներին վնասում են որևէ վայրում, մենք անում ենք ամեն ինչ՝ արդարադատության հաստատելու համար ...Բարաք Օբամա
«ԱՄՆ-ը պետք է անի այն ինչ անհրաժեշտ է՝ պաշտպանելու մեր ժողովրդին: Մենք կլինենք զգոն և անհողդողդ: Երբ ամերիկացիներին վնասում են որևէ վայրում, մենք անում ենք ամեն ինչ՝ արդարադատության հաստատելու համար: Եվ մենք գործում ենք «Իսլամական պետության» դեմ մյուս ազգերի հետ ուս ուսի տված», - ասել է Օբաման:
Իսլամական պետության կողմից առևանգված երկրորդ ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի ճակատագիրը մնում է անհայտ: Նույն ահաբեկման տեսահոլովակում զինյալները նախագահ Օբամային հաղորդում են, որ Սոթլոֆի կյանքը կախված է նախագահի հաջորդ որոշումից: