Մատչելիության հղումներ

Ո՞վ կբռնի Արևի ձեռքը

Արև Գևորգյանը
Արև Գևորգյանը

Մի քանի տարի է՝ պետությունը անձնական օգնականի ծառայություն է տրամադրում հաշմանդամությամբ ապրողներին: Աշխատանքի և բարեկեցության նախարարության տվյալով՝ 314 հոգի օգնական ունի: Կառավարության հնգամյա ծրագրով հաշմանդամությամբ ապրող 2 հազար հոգու օգնական կտրամադրվի:

Միայն թե այս թվերը բոլորովին էլ Արև Գևորգյանի մասին չեն: Անձնական օգնական տրամադրվում է կա՛մ սովորողներին, կա՛մ մշտական աշխատանք ունեցողներին: Երեք տարի է՝ Արևը Կույրերի միավորման երգչախմբի ալտն է: Շաբաթը երկու անգամ Նոր Հաճնից հենց այստեղ է շտապում. աշխատանքը հիմնական չէ, որովհետև միավորման երգչախումբն ու նվագախումբը կանոնավոր ֆինանսավորում չունեն:

Ի՞նչ կապ ունի, որ աշխատանքը մշտական չէ, ասում է կինը՝ սպասումով, որ Կառավարությունը կընդլայնի օգնականի ծառայությունից օգտվողների շրջանակը: Չտեսնող մարդու համար այնքան կարևոր է, որ մեկը գոնե շաբաթը մի անգամ բռնի իր ձեռքը:

Երգչախմբում քչերն ունեն օգնական, որ իրենց փորձերի կբերի: Աստղիկ Վարդանյանն այդ քչերից է, իսկ նրան պետությունը ուղեկցող է հատկացրել, որովհետև այլ տեղ մշտական աշխատանք ունի: Մյուսները ազատ ժամանակ ունեցող հարազատների կամ միմյանց հույսին են:

Օգնական ունենալուց բացի, Արևը շատ կցանկանար աուդիոգրքերի ձայնագրման ծրագրում ընդգրկվել, մի քանի տարի առաջ հեռավար աուդիոմոնտաժ է սովորել: Իսկ եթե Նոր Հաճն տանող-բերող ավտոբուսն էլ անվճար լիներ, նրան կմնար սրտի աչքով ու խոսքով զգալ սիրուն, այսինքն՝ բարի մարդկանց:

«Գեղեցիկը իմ համար բարին է, տեսողական չեմ պատկերացնում», - ասում է կինը:

«Ազատության» հեռուստաանդրադարձը՝ ստորև.


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG