Մատչելիության հղումներ

Նորածին աղջնակը՝ փաթեթում, խաղահրապարակի մոտ

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր մեկ օրական դարձավ անհայտ աղջնակը, որ դեռ անուն չունի, ծնվելուց ժամեր անց են լքել նրան։

«Տեսա երեխային ու անմիջապես գրկել եմ երեխային». - շենքի տարեց բնակչուհին էր ձայն տվել Նարեկին, թե «խաղահրապարակի թիթեղների մոտ ինչ-որ շարժ կա, տես ի՞նչ է»։

Մոտեցել է, ցանկացել ոտքով ստուգել, հետո մտքափոխվել է, կռացել, բացել փաթեթը՝ երեխա է, երեկ երեկոյան 8:30-ի սահմաններում էր, պատմում է Նարեկը. - «Էդ էրեխեն իրոքից ծնված ա եղել երեկ, վրից արյան հոտը գալիս էր»:

Հալաբյան 13 շենքի բնակիչ Նարեկ Պետրոսյանի ահազանգով էլ շտապ օգնությունը, հետո նաև ոստիկանները տեղ են հասել, արդեն սառած, կապտած նորածնին տեղափոխել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության հանրապետական ինստիտուտ։ Հենց ընդունարանում փոքրիկի վիճակը գնահատվել է ծանր։

«Երեկ, ցավոք սրտի, երեկոն բավական զով էր, և երեխան ջերմաստիճանը իջել էր մինչև 30 աստիճան, ինչը կրիտիկական է նորածինների համար՝ հատկապես նոր ծնված նորածինների համար», - «Ազատությանը» ասաց նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը:

Բժշկի խոսքով՝ կարողացել են աստիճանաբար՝ ժամում կես աստիճանով բարձրացնել փոքրիկի ջերմաստիճանը. - «Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է մեր համար՝ 36.7։ Շնչական անբավարարություն ունի՝ դրա կապակցությամբ հատուկ CPAP ապարատի տակ է։ Տեսնենք»:

Աղջնակը շնչում է CPAP սարքի օգնությամբ, բայց բժիշկ Ջերջերյանի խոսքով՝ ծանր խնդիր չէ. - «CPAP-ը ինքնուրույն շնչող երեխաների շնչական աջակցություն տրամադրող սարք է։ Շնչում է ինքնուրույն նորածինը»։

Փոքրիկի մարմինը, ճիշտ է, սարքերով է պատված, բայց մասնագետի խոսքով՝ առողջական լուրջ խնդիրներ չունի աղջնակը։ Առողջ է, բռնության հետքեր էլ չկան։ Քաշը՝ 2 հազար 550 գրամ, հասակը՝ 48 սանտիմետր։

Բժիշկների գնահատմամբ՝ մի քիչ վաղաժամ է ծնվել՝ 36 շաբաթական, և վստահ են՝ ծնվել է երեկ. - «Պորտալարի թարմությունից դատելով՝ կարելի է մտածել, որ երեքից հինգ, վեց ժամ, ժամական երեխա։ Կոնկրետ ժամ չի կարելի ասել, բայց վստահորեն ամսի 10-ին ծնված երեխա է»:

Աղջնակին լքել են՝ պորտալարը չկտրված: Արշակ Ջերջերյանը վստահ է, որ բուժհիմնարկում չի ծնվել նա։ Նորածինների վերակենդանացման բաժանմունքում այսօր այցելության հնարավորություն տվեցին նաև փոքրիկին գտած ու առաջինը գրկած Նարեկին։ Նրա հեռախոսում երեկվա լուսանկարն է, հետո ավելացրեց այսօրվանը։

Նարեկն ինքը չորսամյա երեխա ունի, չի պատկերացնում՝ ինչպես է հնարավոր լքել սեփական երեխային։ Կարծում է՝ ծննդաբերած կնոջ մտերիմներից մեկն է նորածնին բերել, թողել այնպիսի տեղ, որ մարդաշատ է, մեկը կգտնի։

«Դե նենց տեղ էր դրված, որ էդ այգում խաղում են, էրեխա ա, բնակչություն ա լինում», - նշեց Նարեկ Պետրոսյանը:

Քրեական գործ է հարուցվել։ Նարեկը ոստիկաններին պատմել է եղածը։ Իրավապահները տարածքի տեսախցիկներն են զննում, ուսումնասիրում հղիների բազան։ Այսօր սոցաշխատողներն են եկել բուժհաստատություն, կազմել ակտ ընկեցիկության մասին։

«Եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի հավանաբար 20-22 օր», - ասաց Արշակ Ջերջերյանը:

Լիարժեք ապաքինվելուց հետո աղջնակը խնամքի հաստատություն կտեղափոխվի, և եթե առաջիկա երեք ամսում ծնողները չգտնվեն, նրա տվյալները կհայտնվեն որդեգրման ենթակա երեխաների ցանկում, որին սրտատրոփ հետևում է, սոցապի վերջին տվյալով, 108 քաղաքացի։ Նրանք որդեգրել ցանկացող անձի դրական եզրակացությամբ պոտենցիալ հայրիկ-մայրիկներն են։ Անհայտ աղջնակը նրանցից մեկի տուն կգնա։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG