Մատչելիության հղումներ

Նոր կառուցվող թաղամասի ստվերում. Խանջյան փողոցի մոտ 100-ամյա շենքը վթարվում է

Երևանի Խանջյան 7 շենքը, 24-ը մարտի, 2026թ.
Երևանի Խանջյան 7 շենքը, 24-ը մարտի, 2026թ.

Մայրաքաղաքի հենց կենտրոնում արդեն քանի տարի ձգվող նորակառույց թաղամասի շինարարությունն անհարմարություններ է պատճառում հարակից շենքի բնակիչներին:

«Խանջյան 7-ում կատարվող 33 թաղամասում իրականանում է տարբեր շինարարություն՝ մեծ մասշտաբի ձևերով, և դիմացում կա 4 հարկանի շենք, որը որ խախտում է բոլոր իրավական նորմերը՝ վնասելով բոլոր բնակիչներին, իրանց ծանր տեխնիկաներով աշխատելով», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնակիչներից Արմեն Պողոսյանը;

Մանկավարժական համալսարանի կողքին՝ Խանջյան 7 հասցեում, մի հին բազմաբնակարան շենք կա: Այն դեռ նախորդ դարի 30-ականներին է կառուցվել հանրակացարանի սկզբունքով: Հենց դրա կողքը Երևանի ամենահին թաղամասերից Ֆիրդուսն է, որտեղ ակտիվ շինարարական եռուզեռ է՝ կառուցվում է 33-րդ թաղամասը: Կառավարությունը դեռ 2006 թվականից է թաղամասը ճանաչել հանրային գերակա շահ՝ նպատակ ունենալով այստեղ նորակառույցներ, խանութներ, հանգստյան գոտիներ կառուցել։

Բնակիչներից Վահրամ Սիմոնյանը ցույց են տալիս բնակարանի վնասված սալիկները, պատերն ու պնդում՝ ամենօրյա շինարարության պատճառով են դրանք վնասվել:

«Եվ հիմա երբ որ մենք դիմում ենք իրենց, որ անընդհատ մենք փոշի ենք շնչում, անընդհատ մեր պատերը ճաք ենք տալիս, խոհանոցի սալիկները լրիվ ճաքած են, այ էդ վիճակն է», - նշեց Սիմոնյանը:

Շենքը վթարայնության երրորդ աստիճան ունի: Եվ այս պայմաններում ամեն օր է՛լ ավելի է վատթարանում վիճակը, ասում են բնակիչներն ու պնդում՝ հարակից հատվածներում նորակառույցներ կառուցող ընկերությունները պետք է փոխհատուցեն իրենց վնասը:

«Մեզ ոչ մի բան չեն առաջարկում, իրանք ասում են՝ «շենքը կվերջացնենք, հետո կմտնենք տեսնենք ինչը ինչոց է», բայց շենքը ավարտելուց հետո ո՞ւմ բռնես, ո՞ւմ հրավիրես, ո՞ւմ կանչես: Այո, դե կառուցապատողները: Նույնը ասում են էն մյուս լոտերի ներկայացուցիչները», - ասաց Վահրամ Սիմոնյանը՝ շարունակելով. - «Առաջ ճանապարհը ստեղից որ կար, իրենք, տեսեք, էս նոր բերեցին ցեմենտ-բետոնի այս սալերը դրեցին, բայց մինչև էդ շենքի կողմից ասֆալտը, մոտ 60-70 սանտիմետր, էստեղ ջրափոսեր էին գոյանում, և կոյուղու ջրերը ստեղով են անցնում, հիմա, տեսեք, նորից ստիպված բերեցին էս երկու օրը նորից ցեմենտ-բետոն արեցին, որովհետև տվել ջարդել էին լրիվ, հնարավոր չէր ոչ մի բան անել»:

«Մեր բակում մեքենա չենք կարողանում կանգնեցնել՝ կանգնած մեքենաների վրա վերևից ինչ ասես թափվում է, արդեն քիմմաքրման խնդիր է առաջանում», - ընդգծեց բնակիչը:

Խանջյան փողոցի այս հին շենքը ևս, Ֆիրդուսի տների պես, Կառավարության 2022 թվականի որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ, բայց, բնակիչների խոսքով, քանդվող շենքերի ցանկից հանվել է: Վահրամ Սիմոնյանն ասում է՝ լուր են ստացել, որ շենքը նորից կճանաչվի հանրային գերակա շահ, իսկ դա նշանակում է, որ հին շենքը մի օր կքանդվի:

«Որ եկավ տեխնիկա մտավ, սկսեցին քանդել, նոր էդ ժամանակ իմացանք, որ մեր շենքը ևս գերակա շահի տակ է, էն դեպքում, երբ որ միջպետական նշանակության ոչ մի կարևոր ճանապարհ կամ գազամուղ կամ նավթատար չի անցնելու: Պարզապես բնակիչների ձեռքից վերցնում են, տալիս են կառուցապատողին, որը մասնավոր կազմակերպություն է, և, բնականաբար, մեծ գումարներ են աշխատում: Եվ իրանց նպատակը ո՞րն է՝ որ էս շենքը հասցնեն վթարայնության աստիճանը, որ վաղը-մյուս օրը, եթե պետք լինի, արդեն երրորդ ատիճանի կամ չորրորդ աստիճանի վթարային ճանաչեն, բնակիչներին ասեն՝ «այսքան ենք տալիս, ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ դուք գիտեք», - պնդեց Սիմոնյանը:

Բնակիչները, սակայն, մտահոգ են՝ վատ օրինակներ ունեն, թե ինչպես Ֆիրդուսում սեփականատերերի ձեռքից վերցնում են տներն ու շուկայականից ցածր փոխհատուցումներ տալիս: Թաղամասի հնաբնակները մի քանի տասնյակ հայցերով դատարաններում են՝ արդար փոխհատուցում են պահանջում։

«Ազատություն»-ը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչպես են պատրաստվում լուծել բնակիչների բարձրացրած խնդիրները: Պատասխան դեռ չունենք:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


XS
SM
MD
LG