Հայաստանի նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման նպատակով ձեռք են բերվել դպրոցական նոր ավտոբուսներ, որոնք այսօր ներկայացվել են Երևանի Հանրապետության հրապարակում, հաղորդում է Կառավարության լրատվականը:
«Կրթության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման նպատակով կապահովվի ճանապարհների ենթակառուցվածքի լիարժեք պատրաստվածությունը և դպրոցական ավտոբուսների ծառայությունը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Ծրագրի շրջանակում հինգ բնակավայրերի համար առաջիկայում նշված մեխանիզմներն արդեն գործարկված կլինեն, վստահեցնում են Կառավարությունից: Նախատեսված է, որ Արագածոտնի մարզի Գետափ բնակավայրի երեխաները կհաճախեն Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի երեխաները կհաճախեն Ջիլի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Աճարկուտ բնակավայրի երեխաները՝ Կիրանցի դպրոց, Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրի երեխաները՝ Լուսաձորի դպրոց, Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի երեխաները՝ Պարույր Սևակի կրթահամալիր:
Հաղորդագրությունը մանրամասնում է՝ Գետափի դպրոցում սովորում է 13 երեխա: Մինչև Արագածավան հեռավորությունը 9,5 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 11 րոպե: Ծափաթաղի դպրոցում սովորում է 27 երեխա: Մինչև Ջիլ հեռավորությունը 10,6 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 9 րոպե: Տիգրանաշենի դպրոցում ներկայումս երեխա չի սովորում, 11 երեխա հաճախում է Պարույր Սևակի կրթահամալիր: Մինչև Պարույր Սևակ հեռավորությունը 4 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 10 րոպե: Աճարկուտի դպրոցում սովորում է 10 երեխա: Մինչև Կիրանց հեռավորությունը 2,8 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 4 րոպե: Ակնաղբյուրի դպրոցում սովորում է 42 երեխա (որոնցից 6-ը՝ նախակրթարան): Մինչև Լուսաձոր հեռավորությունը 5 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 10 րոպե:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ուղեկցությամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին։ Վարչապետը կարևորել է երթևեկության անվտանգության և երեխաներին տեղափոխող վարորդների որակավորման, պատշաճ արտաքին տեսքի, այդ թվում՝ հագուստի ապահովումը։
Դպրոցների օպտիմալացման՝ Կառավարության ծրագրի քննադատները շեշտում են այդ թվում հարևան գյուղերի կրթօջախներ հաճախելու դժվարությունները երեխաների համար: