Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում հինգշաբթի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Գլեբ Նիկիտին։
Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը մարզի երկնքում խոցել են ուկրաինական 30 անօդաչու թռչող սարք։
«ASTRA» Telegram-ալիքը, հղում անելով բաց աղբյուրներին, հայտնել է, որ Կստովո քաղաքում հարձակման թիրախ է դարձել «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանը, որը 2026թ. ապրիլին և մայիսին նույնպես ենթարկվել էր հարձակումների։
Այն, որ ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Նիժնի Նովգորոդի մարզի այս նավթավերամշակման գործարանին, և դրա տարածքում հրդեհ է բռնկվել, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն։
Նրա խոսքով՝ Կստովոյի գործարանի նախագծային հզորությունը տարեկան կազմում է 17 միլիոն տոննա նավթի վերամշակում։ Նրա պնդմամբ՝ այն Ռուսաստանում հզորությամբ չորրորդ նավթավերամշակման գործարանն է և ռուսական բանակի համար բենզինի ու դիզելային վառելիքի հիմնական արտադրողներից մեկը։
ASTRA-ն նշում է, որ գործարանը կարևոր նշանակություն ունի Մոսկվայի տարածաշրջանի վառելիքային ապահովման համար։ Ձեռնարկությունն արտադրում է ավելի քան 50 տեսակի արտադրանք՝ ավտոմոբիլային, ավիացիոն և դիզելային վառելիք, ինչպես նաև նավթային բիտում, պարաֆին և այլ նավթամթերքներ։