ՆԱՏՕ-ի հինգ խոշոր երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Կանադան, չեն սատարել Էստոնիայի առաջարկը, որով նախատեսվում էր Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին պարտավորեցնել Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացնել իրենց Համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի առնվազն 0,25%-ը։ Այդ մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը դաշնակիցների քննարկմանն էր ներկայացրել էստոնական առաջարկը, ընդունել է, որ նախաձեռնությունը չի հաստատվի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ մի շարք դաշնակիցների աջակցության բացակայության պատճառով։
Գաղափարն աջակցել են այն երկրները, որոնք արդեն իսկ Ուկրաինայի աջակցության համար հատկացնում են իրենց ՀՆԱ-ի ավելի քան 0,25%-ը։
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի նման խոշոր երկրների աջակցության բացակայության պայմաններում նախաձեռնությունը գործնականում հաստատման հնարավորություն չունի։
The Telegraph-ը նշում է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինայի աջակցությանը հատկացնում է երկրի ՀՆԱ-ի մոտ 0,1%-ը․ բացարձակ թվերով դա զգալի գումար է՝ հաշվի առնելով բրիտանական տնտեսության ծավալները։
Սակայն Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Կանադան, չնայած Ուկրաինային ցուցաբերվող իրենց հստակ աջակցության մասին հայտարարություններին, էապես հետ են մնում։
Հոդվածում ԱՄՆ-ի և Գերմանիայի դիրքորոշման մասին չի նշվում։