Մատչելիության հղումներ

Մոտ 1 մլրդ ռուբլի՝ Վոլոդինի հաշիվներին. Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունը պարզել է, որ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը միայն 2025 թվականին աշխատել է մոտ 258 միլիոն ռուբլի կամ շուրջ 3 միլիոն դոլար, իսկ նրա բանկային հաշիվներին առկա է գրեթե 1 միլիարդ ռուբլի, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու հիմնադրած ֆոնդի հետաքննող խումբը Պետդումայի ընտրություններին ընդառաջ հրապարակում է նյութեր նոր ընտրությունների գնացող «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության ներկայացուցիչների ունեցվածքի մասին:

Վոլոդինի 90-ամյա մոր՝ Լիդիա Բարաբանովայի հաշիվներին շուրջ 750 մլն ռուբլի է առկա, բացի այդ՝ նրա անվամբ են գրանցված տասնյակից ավելի ընկերություններ, որոնք հարյուրավոր միլիոնների պետական աջակցություն են ստանում:

Պետդումայի խոսնակի աներ Յուրի Պոլյակինն էլ Գելենջիկում՝ «Պուտինի պալատից» ոչ հեռու, շուրջ մեկ հեկտար հողակտորի վրա 700 քառակուսի մետր մակերեսով տուն է կառուցում՝ լողավազանով:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն ավելի վաղ հետաքննություն էր հրապարակել իշխող կուսակցությունից Աստրախանի մարզային դումայի գործող պատգամավոր և Պետդումայի ընտրություններում առաջադրված թեկնածու Եվգենի Ապոստոլովի վերաբերյալ: Ըստ այդ հետաքննության, մասնավորապես, Ապոստոլովի մոր՝ Տատյանա Ապոստոլովայի անվամբ գրանցված է ավելի քան 1 միլիարդ ռուբլի ընդհանուր արժեքով անշարժ գույք Ռուսաստանում և Իսպանիայում:

Օգոստոսին Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հայտնաբերել էր Կարաչաևո-Չերկեսիայից Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչ Միխայիլ Ստարշինովի 3.7 միլիարդ ռուբլու չգրանցված սեփականություն, այդ թվում՝ արտերկրում:

Պետդումայի ընտրությունները Ռուսաստանում անցկացվելու են եկող շաբաթվա վերջին:



XS
SM
MD
LG