Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել Ռուսաստանի կոմկուսի հիշատակի ակցիայի ժամանակ՝ նվիրված Սպիտակ տան գրոհի 33-րդ տարելիցին: Ձերբակալվել է երկու տասնյակից ավելի մարդ, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:
Համաձայնեցված հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը: Հաջորդած երթի մասնակիցները սկսել են քաղաքական կարգախոսներ վանկարկել՝ «Կորչի՛ «Ռոսկոմնադզոր»-ը», «Ո՛չ քաղաքական բռնաճնշումներին», «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», իսկ զանգվածային ձերբակալությունների առիթ է դարձել, ըստ կոմկուսից Մոսկվայի քաղաքային դումայի նախկին պատգամավոր Եվգենի Ստուպինի, «Կորչի՛ ցարը» կարգախոսը: Ցուցարարները ոստիկանության գործողություններին հակադարձել են «ամո՛թ» վանկարկելով:
1993-ի հոկտեմբերի 4-ին ռուսական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները գրոհեցին Գերագույն խորհրդի շենքը, որում նախագահ Բորիս Ելցինին ընդդիմադիր պատգամավորներն էին: Պաշտոնական տվյալներով՝ այդ օրը սպանվել է 74 մարդ, նրանցից 26-ը՝ զինվորականներ և ՆԳՆ աշխատակիցները, վիրավորվել են 172-ը: Տեղի ունեցածը Ռուսաստանի այն ժամանակվա իշխանությունները որակել էին իբրև պետական հեղաշրջման փորձի կանխում: