Մոնակոյի դատախազությունը բացահայտել է հունիսի 29-ին իշխանության տարածքում ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևի դեմ իրականացված մահափորձի կասկածյալի ինքնությունը։
Մոնակոյի դատախազի տեղակալ Մորգան Ռայմոնի տեղեկություններով՝ մահափորձի հեղինակը Գերմանիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացի 39-ամյա Անաստասիա Բերեզովսկան է։
Իրավապահների պնդմամբ՝ հունիսի 29-ի երեկոյան հենց նա է տեղադրել այն սարքը, որի պայթյունի հետևանքով ուկրաինացի գործարարը, նրա կինն ու անչափահաս որդին ծանր վնասվածքներ են ստացել։
«Հարձակումից հետո Բերեզովսկան ոտքով հեռացել է Ֆրանսիա, որտեղից էլ վարձակալած մեքենայով վերադարձել է Գերմանիա»,- հայտարարել է Մոնակոյի դատախազի տեղակալը։
Պաշտոնյայի խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ մահափորձի հեղինակը «գործել է ոչ միայնակ»։