Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Բայրամովը մասնակցել են ԱՄՆ կառավարության կազմակերպած միջոցառմանը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մասնակցել են ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։

Արարատ Միրզոյանը հանդես է եկել որպես բանախոս՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի հետ միասին։ Միջոցառմանը մասնակցել է նաև խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Միրզոյանը կարևորել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Սպիտակ տանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը։ ԱՄՆ ներգրավվածությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանային կապերի ապաշրջափակման գործում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարը ներկայացրել է նաև խաղաղության առկայությամբ պայմանավորված քաղաքացիների համար արձանագրված փոփոխությունները, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում տեղի ունեցած դրական զարգացումները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է TRIPP-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար, միջտարածաշրջանային փոխկապակցվածության արդյունավետ զարգացման գործում։

Նա անդրադարձել է նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը՝ նշելով արձանագրված «շատ շոշափելի, կոնկրետ հաջողությունները»։

Միջոցառմանն անդրադարձ է կատարվել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամում ֆինանսական ներդրումային հնարավորություններին։ Քննարկումներին մասնակցել են Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։

Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Ազատությանը» հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսվում է իր հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արարատ Միրզոյանն ասել էր, որ հանդիպումը կախված է կողմերի գրաֆիկներից և վերջնական պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։


XS
SM
MD
LG