Մատչելիության հղումներ

«Մեզ իշխանափոխություն է պետք, ոչ թե մանդատ». Սերժ Սարգսյան

«Հանրապետական» կուսակցության առաջնորդ վերընտրվեց Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սարգսյանը ծավալուն ելույթ ունեցավ, քննադատեց գործող իշխանությանը, Փաշինյանի իշխանությանը մեղադրեց 44-օրյա պատերազմի պարտության համար։

Առաջին անգամ «Հանրապետական» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։ Սերժ Սարգսյանն իր ելույթում մանրամասն նշեց պատճառների ու իրենց անելիքների մասին: Թեև ընտրապայքարի մեջ չեն լինի, բայց ակտիվ կլինեն ընդդիմադիր դաշտում, ասաց՝ Փաշինյանի դեմ «պայքարի առաջամարտիկներից կլինի «Հանրապետական» կուսակցությունը»։

«Մեզ իշխանափոխություն է պետք։ Մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը։ Մնացած տարիներն ի լրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը: Վստահեցնում եմ ձեզ և մեր ժողովրդին, որ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, «Հանրապետականը» քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Ինչպես կասեր մեր լուսահոգի ընկեր Գալուստ Սահակյանը, չմասնակցելը չպայքարել չէ։ Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերի ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը, շարունակելով.

«Նպատակ ունենալով նպաստել այս աղետաբեր ռեժիմին հաղթելու ընդդիմադիր ուժերի միասնական ջանքերին, «Հանրապետական» կուսակցությունն իրական ընդդիմությանը ներկայացնում է հետևյալ առաջարկությունները՝ որպես մոտակա ժամանակահատվածում համատեղ պայքարի գործնական քայլեր: Առաջին՝ մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է 2 խոշոր միջոցառում։ Նախ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո՝ Եվրամիություն- Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Այն, ինչ այս ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է և կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականություն ներկայացնելու առիթ, ճշմարտության պահ։ Եվ «Հանրապետականը» կարող է այս ամենը համակարգել մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությամբ, եթե, իհարկե, նրանց կետաքրքրի նման առաջարկը, և եթե նրանք ժամանակ կգտնեն միանալ և միասին զբաղվել նաև համազգային այս խնդիրներով»,- հայտարարեց երրորդ նախագահը:

«Հանրապետական» կուսակցությունը որևէ ընդդիմադիր ուժի չի սատարի, սոցհարցումներով պարզել են, որ իրենց աջակիցները ընտրելու են ընդդիմադիր ուժերին։ Այս ընթացքում ՀՀԿ-ականները կփորձեն մոտիվացնել մարդկանց, որ ընտրատեղամաս գնան ու ընտրեն ընդդիմադիրներից որևէ մեկին.

«Շատ է խոսում այն մասին, որ առաջիկա ընտրություններին ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ։ Մենք հայտարարում ենք, որ «Հանրապետական» կուսակցության գործունեությունն այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը։ Գնա, որ գնան կարգախոսի ներքո, տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով։ Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն՝ համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետդաբեր ռեժիմին»,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:

Այդուհանդերձ, ինչո՞ւ 10 տարի Հայաստանը ղեկավարած Սերժ Սարգսյանին չհաջողվեց միավորվել որևէ ընդդիմադիր ուժի և ընտրապայքարին մասնակցել։ Արդյոք այս ընթացքում եղել են բանակցություններ և արդյո՞ք նրանց հետ է պահել այն հաշվարկը, որ «Հանրապետական» կուսակցությունը չէր կարողանալու անցնել անցողիկ շեմը։

«Ընտրությունների արդյունքները պրեզենտացիա արվեց մեր կուսակցությունում, և բոլորը տեսան, թե մենք ինչ հնարավորություն ունենք, ինչ ռեիտինգ ունենք...Մենք անհատներով ռեիտինգ չենք արել, «Հայաստան» դաշինքի սատարումը, «Հայաստան» դաշինքի վարկանիշը մեզնից բարձր էր։ Եթե մեր վարկանիշը «Հայաստան» դաշինքից բարձր լիներ, ես կարծում եմ, այն ժամանակ մենք պարտավոր էինք ուղղակի մասնակցել։ Իսկ ի՞նչ վերաբերում է միավորող ուժին, ապա կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը, այո, «Ուժեղ Հայաստանն» է, և այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի երրորդ նախագահը:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG