«Հարավային Կովկասն ավելի մեծ նշանակություն է սկսում ստանալ որպես Եվրոպան և Ասիան միմյանց կապող տարածաշրջան», - այսօր Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Նոր տրանսպորտային և առևտրային միջանցքները լուրջ տնտեսական ներուժ են ստեղծում, և մենք ցանկանում ենք օգտվել այդ ներուժից», - նշել է գերմանական կառավարության ղեկավարը։
Ադրբեջանի նախագահն ասուլիսի ընթացքում հայտարարել է,որ Բաքուն պատրաստվում է մեծացնել Գերմանիա մատակարարվող գազի ծավալները՝ մի շարք նախապայմանների կատարման դեպքում։
«Նախ՝ մեզ այդ հարցով պետք է պաշտոնական դիմում ներկայացվի։ Երկրորդը՝ հարկավոր է մեծացնել գործող գազային ենթակառույցների կարողությունները։ Բացի այդ՝ հարկավոր է լուծել ներդրումների հարցը։ Բանն այն է, որ եվրոպական բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել նման նախագծերը», - ասել է Իլհամ Ալիևը։