«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը պնդում է՝ մի շարք խախտումներ են արձանագրել՝ բաց քվեարկության, ուղղորդվող կամ վերահսկելի քվեարկության բազմաթիվ դեպքեր, այս առնչությամբ հաղորդումներ են ներկայացրել ԿԸՀ և դատախազություն, որտեղից դեռևս արձագանք չկա։ Դաշինքից պնդում են նաև վարչական ռեսուրսի չարաշահման մասին։
Պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ նշեց՝ Հանրային հեռուստաընկերությունը մոտ 40 րոպե հեռարձակել է ՔՊ-ի հրավիրած ասուլիսը, մինչդեռ իրենց այս ճեպազրույցի մասին թեև իրազեկել էին, բայց այն այդպես էլ հեռուստաընկերությունը չլուսաբանեց։
Անդրադառնալով ընտրություններին ակտիվ մասնակցությանը, պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ընտրություններին այս ծավալի մասնակցությունը վկայում է, որ ՔՊ-ի վերարտադրության շանսերը մոտենում են զրոյի»։
Ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 մարդ կամ ընտրողների 48.92 տոկոսը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2021-ին այս ժամին մասնակցել էր 989 հազար 972 մարդ կամ 38.17 տոկոսը:
Իշխան Սաղաթելյանը նշեց նաև. «Գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել՝ մասնավորապես «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների պատասխանատուների, համակիրների նկատմաբ։ Առավոտից ձերբակալություններ են։ Նպատակը՝ կազմալուծել, խոչընդոտել, սահմանափակել մեր շտաբների գործունեությունը»։
Սաղաթելյանի խոսքով՝ վստահ գնում են հաղթանակի. «Կարծում ենք՝ ընդդիմությունը միասնական ունի բոլոր հնարավորությունները իշխանություն ձևավորելու և Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին իշխանազրկելու։ Մենք խորհրդարան գնալու ենք իբրև իշխանություն, այս պահին այդ ակնկալիքն ունենք»։