Անհետ կորածների ծնողներն ու հարազատները ստեղծել են Անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիան:
Նորաստեղծ ասոցիացիայի հիմնադիրներից են Ասիա Դանիելյանը, որի որդին անհետացել է 44-օրյա պատերազմում, Գոռ Մուրադյանը, որ վեց տարի է՝ փնտրում է եղբոր որդուն: Հույս ունեն, որ իրենց հիմնադրած ասոցիացիայում համախմբվելով՝ ավելի արդյունավետ կպայքարեն, առանձին քայլերի հնարավորություն կունենան, միջազգային կառույցների կկարողանան դիմել:
Անհետ կորածների ծնողների ու հարազատների համահայկական ասոցիացիան զբաղվելու է բոլոր պատերազմներում անհետ կորածների հարցերով՝ Արցախյան առաջին պատերազմից մինչև վերջինը: Հիմնադիր կազմում է նաև 90-ականներից հորը սպասող Արամ Չանախչյանը:
44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը մոտ 200 անհետ կորածի մասին է նշում, առաջին պատերազմից՝ 900-ի: Բաքուն մոտ 4000 անհետ կորածի մասին է խոսում, նրանք, ըստ Ադրբեջանի իշխանությունների, անհետ կորել են Ղարաբաղյան առաջին պատերազմում:
«Սրանք ուղղակի թվեր չեն, նրանք մարդիկ են, ընտանիքներ են, սպասում են տարիներ», - ասաց Ասիա Դանիելյանը:
Նորաստեղծ կառույցը այս ընտանիքների սոցիալական խնդիրներով էլ է զբաղվելու. կան, որ կերակրողից են զրկվել, ծանր վիճակում են ու աջակցություն չեն ստանում: Հատկապես ծանր վիճակում են ամեն ինչ կորցրած արցախիցները, ասում է Իննա Աբրահամյանը, որ այս կազմակերպությունում հարազատներին ու որդիներին փնտրող արցախցիների ներկայացուցիչն է:
Իննա Աբրահամյանն էլ իր որդուն է փնտրում, որ հիմա 26 տարեկան է, Ստեփանակերտի բենզինի հերթի մեջ է եղել ու պայթյունից հետո չկա. «Մենք բոլորս ԴՆԹ ենք հանձնել, ոչ մի նորություն չունենք: Էդ տարածքը զննել են թե՛ մեր փրկարարները, թե՛ ռուս խաղաղապահները, թե՛ Ադրբեջանի փրկարարները, աշխատել են, ինչ-որ գտել են՝ գտել են, բայց 22 հոգուց ընդհանրապես ոչ մի բան չկա, թեկուզ իր, ինչը մեզ հույս է տալիս, որ իրենք ողջ են, ուղղակի գերության մեջ են»:
Արմինե Առաքելյանը վեց տարի է՝ որդուն է փնտրում՝ ժամկետային Էդգար Առաքելյանին. 44-օրյա պատերազմը սկսվելուց օրեր անց Վայքից Ջաբրայիլ են տարել Էդգարին, ու մայրը մինչ օրս լուր չունի. «Մենք չենք ապրում»:
Նա անհետ կորածների հարազատների հետ վեց տարի շարունակ պետական մարմինների դռներն է թակում, պայքարում, որ քայլեր անեն ու կորած երեխաների, հարազատների մասին տեղեկություններ հայտնեն: Ոչ մի հստակ տեղեկություն:
Երեք տարի է՝ անորոշությունից տանջվում են Լուսինե Էմիրյանի երեխաները: Արցախից բռնի Հայաստան են տեղափոխվել առանց հոր: Ադրբեջանցիների հարձակման օրը դիրքերում է եղել ու այդ օրվանից նրանից հստակ լուր չունեն:
Հորեղբայրն էլ է անհետ կորած, ապաստարաններում պատսպարված արցախցիների հացի հետևից է գնացել ու չի վերադարձել. «Վերջապես մենք ուզում ենք ստանալ մեզ ամենահուզող, ամենակարևոր հարցը՝ որտե՞ղ են մեր երեխաները»:
Անորոշությունից տառապող այս մարդիկ հույս ունեն, որ այս կառույցում համախմբվելով կկարողանան մի արդյունքի հասնել:
Վերջին անգամ կառավարության մոտ ակցիա էին անում հուլիսի 20-ին ու որոշել էին հասնել հայ-ադրբեջանական սահման ու ուղիղ դիմել ադրբեջանցիներին: Դրանից հետո հանդիպել են ԱԱԾ տնօրենին, իրենց հորդորել է սպասել կողմերի բանակցություններին: Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են անցած տարի՝ հունիսին: