Այսօր մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը։
Երևանի ժամանակով 21:30-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Estadio Azteca ստադիոնում տեղի կունենա ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի բացման արարողությունը, որից անմիջապես հետո՝ 23:00-ին, պաշտոնապես կմեկնարկի խմբային փուլի առաջին դիմակայությունը։ Տան տերեր մեքսիկացիները կմրցեն Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու դեմ։
Առաջին անգամ Աշխարհի գավաթակրի տիտղոսը նվաճելու համար պայքարելու է ոչ թե 32, այլ 48 թիմ։
Հետխորհրդային տարածքից առաջնության ուղեգիր միայն Ուզբեկստանի հավաքականին է հաջողվել ստանալ։ Սա ուզբեկների առաջին աշխարհի առաջնությունը կլինի։
Իտալիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ բաց է թողնում ֆուտբոլի համաշխարհային պայքարը։ Որոշիչ խաղում իտալացիները զիջեցին Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։
2026-ի գլխավոր ինտրիգներից մեկը Իրանի մասնակցությունն է, քանի որ այդ երկրի հավաքականի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներն էլ Միացյալ Նահանգներում են նախատեսված։ Սա պատմության առաջին Աշխարհի գավաթն է, երբ հյուրընկալող երկիրը կընդունի իր հետ պատերազմի մեջ գտնվող երկրի հավաքականի։
Իրանից զատ մեր հարևաններից պայքարում է նաև Թուրքիան։
Պորտուգալիայի հավաքականի ավագ 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն վեցերորդ անգամ է մասնակցում Աշխարհի գավաթին, և սա թերևս աշխարհի գավաթակրի տիտղոսին արժանանալու իր վերջին հնարավորությունն է։
Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։ 2022-ին Կատարում անցկացված առաջնության եզրափակիչում Լիոնել Սկալոնիի թիմը 11-մետրանոց հարվածաշարում պարտության մատնեց այդ ժամանակ գործող չեմպիոն ֆրանսիացիներին։
Հունիսի 11-ից հուլիսի 19-ը անցկացվող մրցաշարը հյուրընկալում են Մեքսիկան, Միացյալ Նահանգները և Կանադան։ Աշխարհի առաջնությունը մեկից ավելի պետություն 2002-ին էր հյուրընկալել, երբ Հարավային Կորեան և Ճապոնիան միասին էին անցկացրել մրցաշարը։