Մատչելիության հղումներ

Մեկամյա Ալեքսի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը մեղադրվում է սպանության համար

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Մեկ տարեկան Ալեքսի մահվան դեպքով քրեական վարույթի նախաքննությունը Երևանի քննչական վարչությունում ավարտվել է, վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Կալանավորվել է երեխայի խորթ մայրը, որը, ըստ Քննչականի, «իրենից կախվածության մեջ գտնվող՝ փաստացի իր խնամքին հանձնված 1 տարեկան Ա․Մ․-ին մեղադրելով իր և Մ․Ռ․-ի ընտանիքում անհաշտ և անախորժ իրավիճակի ստեղծման պատճառ հանդիսանալու մեջ, պարբերաբար՝ 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ տարբեր օրերի, ինչպես նաև նույն թվականի մարտի 10-ին, ուղղակի դիտավորությամբ, ֆիզիկական ներգործություն է գործադրել անկողնում պառկած երեխայի նկատմամբ, այն է՝ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին և գլխին, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է գիտակցության կորուստ»: «Բացի այդ, Ռ․Ե․-ն 2026 թվականի մարտի 15-ին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածել է անկողնում պառկած երեխայի գլխին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով վերջինս մահացել է», - ասված է հաղորդագրությունում:

Խորթ մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ «անօգնական վիճակում գտնվողի սպանությունը», և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով՝ «հանցավորից կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը»:

Մեղադրանքները հաստատվելու դեպքում կնոջը սպառնում է 14-ից մինչև 20 տարով կամ ցմահ ազատազրկում:

XS
SM
MD
LG