Մատչելիության հղումներ

Մայր Աթոռի դեմ կարգալույծ քահանաների հայցերը կարճվել են․ դատարանը վճռել է՝ վեճը ենթակա չէ դատարանում քննության

Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը, արխիվ
Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը, արխիվ

Կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պարտվել են դատարանում: Մայր Աթոռի դեմ Փաշինյանի արշավին միացած հոգևորականները պայքարում են, որ անվավեր համարվի իրենց կարգալույծ հռչակելու կաթողիկոսի որոշումը և վերադառնան հոգևոր ծառայության: Դատավորը որոշել է, որ այս վեճը դատարանում քննելու ենթակա չէ, եկեղեցու ներքին կանոններով է լուծվում ու կարճել է գործը:

«Բողոքարկելու եմ Վերաքննիչում», - Ստեփան Ասատրյանը համաձայն չէ դատարանի որոշման հետ, «Ազատությանն» ասաց՝ պայքարը կշարունակի մյուս ատյաններում:

«Դատարանն, իհարկե, հանգիստ կարող էր քննել, որովհետև մենք եկեղեցու առաջնորդի հետ գործ չունենք, մենք կուսակցական առաջնորդի հետ գործ ունենք», - նշեց Ստեփան Ասատրյանը:

Չնայած առաջին ատյանի որոշմանը՝ Գարեգին 2-րդի հրաժարականի պահանջին միացած նախկին հոգևորականը եկեղեցուց հեռանալու միտք չունի: Ուղիղ մեկ տարի է՝ կարգալույծ է, խորան բարձրանալու իրավունք չունի, բայց շարունակում է եկեղեցական ծեսերը, նրա ձեռամբ կատարվող ծիսակատարությունները Մայր Աթոռը որակում է պղծություն:

Արագածոտնի թեմը օրեր առաջ նորից դիմեց պատկան մարմիններին, որ՝ «բռնազավթված Հովաննավանքը վերադարձնեն Հայ Առաքելական եկեղեցուն», բայց շարժ չկա: Կարգալույծ քահանան խոստանում է կամավոր հեռանալ, եթե բոլոր ատյաններում պարտվի:

Դատարանում պարտված Արամայիս Թախմազյանն էլ կարգալույծ հռչակվելուց հետո չի հեռացել Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցուց: Ըստ Մայր Աթոռի՝ նա էլ իրավունք չունի եկեղեցական ծեսեր կատարել, բայց իշխանության աջակցությունը վայելող այս նախկին քահանան էլ է խորան բարձրանում: Առաջին ատյանի որոշման հետ նա էլ համաձայն չէ. «Առաջին ատյանի դատավորներին, իմ կարծիքով, սխալվել են»:

Դատարանը, վերլուծելով ու համադրելով Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու միջազգային իրավունքն ու նախադեպերը, արձանագրել է՝ հոգևորականին կարգալույծ անելը կարգավորվում է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոններով, աշխարհիկ օրենսդրությամբ չեն կարգավորում հոգևորականին կարգալույծ անելու հարաբերությունները: Այս հիմնավորմամբ դատարանում պարտվել է նաև Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանը [աշխարհիկ անունը՝ Արման Սարոյան]: Կարգալույծ եպիսկոպոսն էլ է պայքարում է, որ վերադառնա հոգևոր ծառայությանն ու նախկին պաշտոնին:

Դատարանի այս որոշումը հաստատում է, որ թեմակալ առաջնորդների և հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը Եկեղեցու ներքին գործն են և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունը, արձագանքում են Մայր Աթոռից. «Այս որոշումը կարևոր քայլ է արդարության վերականգնման ուղղությամբ՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի։ Ակնկալում ենք, որ նույն արդարամիտ մոտեցումը կդրսևորվի նաև մյուս հոգևորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների առնչությամբ»։

Կարգալույծ հոգևորականների գործերն ընդդեմ եկեղեցու կարճվել են երկու ամիս առաջ, բայց պաշտոնապես հրապարակվել են վերջին երկու օրին:

Ինչո՞ւ են վճիռները հանրությանը հասանելի դարձել հիմա: Գործի առանձնահատկությամբ է պայմանավորված, «Ազատությանը» պարզաբանեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակը: Ըստ Ծովինար Խաչատրյանի՝ դատական համակարգում աննախադեպ գործեր են, պատճառներից մեկն էլ դատավորների ծանրաբեռնվածությունն ու արձակուրդներն են:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG