Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում կցուցադրվի միայն այն սպառազինությունը, որ ձեռք է բերվել միայն 2022 թվականից հետո,- այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավելեց նաև.- «Նախորդ երեք տարվա ընթացքում մենք ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել»։
Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն քաղաքացիներին. «Մենք այս թեմայով աշխատում ենք և աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ: Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու և հրաժարվելու: Մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում», - ասել էր Փաշինյանը: