Մատչելիության հղումներ

Մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին ձերբակալվել է Երևանում. ԶԼՄ

Ռուսաստանի կողմից հետախուզվող մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին ձերբակալվել է Երևանում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Լրագրող Օլեգ Կաշինն առաջինն էր, որ հաղորդեց Վերբիցկու ձերբակալության մասին՝ նշելով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ռուսաստանի խնդրանքով։ Նա ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ։

56-ամյա Միխայիլ Վերբիցկին ռուս մաթեմատիկոս, հրապարակախոս և մշակութաբան է։ Նա 1995 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով մաթեմատիկայի դոկտորի աստիճան:

1998 թվականին մաթեմատիկոսը նաև հիմնել է UR-REALIST անկախ երաժշտական լեյբլը, թողարկվել է ավելի քան 40 ալբոմ:

2015 թվականին Վերբիցկին լքել է Ռուսաստանը՝ քրեական հետապնդման ենթարկվելու մտավախությունների պատճառով, և հետագայում դասավանդել է Ռիո դե Ժանեյրոյի մաթեմատիկայի ազգային ինստիտուտում։ 2025 թվականին գիտնականը ներառվել է «Ռոսֆինմոնիթորինգ»-ի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում: Միաժամանակ Մոսկվայի դատարանը նրան հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացրել՝ «ահաբեկչությունն արդարացնելու» մեղադրանքով։

«Ազատությունը» Վերբիցկու ձերբակալման մասին հայկական կողմի մեկնաբանությանն է սպասում:


XS
SM
MD
LG