Մատչելիության հղումներ

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մտնել Ռուսաստան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է ինքը պատգամավորը իր ֆեյսբուքյան գրառմամբ:

«Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է», - գրել է Բադալյանը։

ԱԺ պատգամավորը նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Թե ինչու է արգելվել Լուսինե Բադալյանի մուտքը Ռուսաստան, այս պահին հայտնի չէ։

«Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար», - նշել է Բադալյանը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ԱԺ պատգամավորի՝ Ռուսաստան մուտք գործելու հետ կապված խնդիրներ են առաջանում։ Մասնավորապես, մարտի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը հայտարարել էր, որ ռուսական ավիաընկերությունը չեղարկել է իր տոմսերը, երբ նա դիվանագիտական անձնագրով պետք է մեկներ Աշխաբադ՝ միջխորհրդարանական երկխոսությանը մասնակցելու նպատակով։ Նրա չվերթը նախատեսված էր Ռուսաստանի տարածքով տարանցիկ անցմամբ։ Թե ինչ պատճառներով էր ռուսական ավիաընկերությունը չեղարկել պատգամավորի տոմսերը, չի հաղորդվել։


​
XS
SM
MD
LG