Մատչելիության հղումներ

Լիտվայի պետական ռեեստրից ավելի քան 600,000 տվյալ է արտահոսել

Լիտվայում պետական ռեեստրից տվյալների մասշտաբային արտահոսք է տեղի ունեցել, ինչի մասին հայտնի է դարձել, երբ երկրի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսում պետական տեղեկատվական համակարգեր երրորդ կողմի հնարավոր անօրինական մուտքի գործով, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքը։

Կարգավորող մարմնի տվյալներով՝ Ռեեստրի կենտրոնի տվյալների բազան «կոտրել են» արտերկրից։ Արդյունքում, ենթադրաբար, անօրինական կերպով պատճենվել է ավելի քան 600,000 միավոր տվյալ, հիմնականում անշարժ գույքի և իրավաբանական անձանց գրանցամատյաններից ստացված տեղեկություններ։

Հաղորդվում է, որ տվյալների արտահոսքը տեղի է ունեցել դեռ այս տարվա հունվարին, և հաստատությունը դրա մասին իմացել է միայն ապրիլի սկզբին: Հաքերային սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Ռեեստրի կենտրոնի գլխավոր տնօրեն Ադրիուս Յուսասը:

Խորհրդարանում պահպանողականների առաջնորդ Լաուրինաս Կաշչունասը հայտարարել է, որ արտահոսած տվյալները ներառում են լիտվացի քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների և հետախուզության աշխատակիցների մասին տեղեկություններ։

Նրա խոսքով՝ միջադեպի հետևում կարող է կանգնած լինել ռուսական հետախուզությունը։ «Կասկած կա, որ սա Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հետախուզական գործողություն է», - ասել է նա։

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն այսօր հայտարարել է, որ արտահոսքի հետևանքով գողացել են նաև իր ընտանիքի մասին տեղեկություններ:


XS
SM
MD
LG