Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հրադադարի պահպանման և Իսրայելի ռազմական էսկալացիայի դադարեցման ջանքերը, այսօր հաղորդել է Լիբանանի նախագահականը:
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցին մասնակցել են նաև նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և Կատարի վարչապետը:
Այսօր հաղորդվեց, որ Շվեյցարիայում ավարտվել են Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները: Միջնորդ երկրների՝ Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ: Ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության՝ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ողջ շաբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։
Հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ, ինչպես նաև հաղորդակցության ուղի են հաստատել՝ վիճելի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։