Լատվիայում ամուսիններ են ձերբակալվել՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի Գլխավոր վարչության (ГРУ) հանձնարարությամբ երկրի պաշտպանական ոլորտի վերաբերյալ տեղեկություններ ապօրինաբար հավաքելու կասկածանքով, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը։
Լատվիայի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ նրանք ձերբակալվել են 2026 թվականի հունիսի 28-ին։ Գործողությունն իրականացվել է Ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության հետ համատեղ։
Քրեական գործ է հարուցվել Լատվիայի Քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի (լրտեսություն) հատկանիշներով՝ գաղտնի և այլ տեղեկություններ հավաքելու և օտարերկրյա հետախուզական ծառայությանը փոխանցելու համար։
Հետաքննիչների տվյալներով՝ ձերբակալվածները ռուսական կողմին տեղեկություններ են տրամադրել Լատվիայի պաշտպանական համակարգի, ՆԱՏՕ-ի դաշնակիցների գործունեության և Ուկրաինային ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերի մասին։ Մասնավորապես, նրանք տվյալներ են հավաքել Ազգային զինված ուժերի ավիաբազայի, ռադարային համակարգերի և ռազմական տրանսպորտային ինքնաթիռների տեղաշարժերի վերաբերյալ։
«Կասկածյալներից մեկը, ՌԴ ԶՈՒ ԳՇ Գլխավոր վարչության հանձնարարությամբ փոքր մասնավոր ինքնաթիռով հետախուզություն և օդային լուսանկարչություն է իրականացրել Ադաժիի ռազմաբազայում։ Ավելին, կասկածյալները գործունեություն են ծավալել Լատվիայում հետախուզական և դիվերսիոն խմբերին աջակցելու համար», - ասվում է Լատվիայի Պետական անվտանգության ծառայության տարածած հայտարարությունում:
Ձերբակալության օրը անվտանգության ուժերը խուզարկություններ են անցկացրել Ռիգայի և Ադաժի շրջանի երեք վայրերում: Ծառայության տվյալներով՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են տվյալների պահպանման կրիչներ, փաստաթղթեր և ձայնագրություններ: Կասկածյալները կալանավորվել են։ Նրանց անունները և քաղաքացիությունը չեն հրապարակվում։
Վերջին տարիներին սա առաջին դեպքը չէ, որ Լատվիայում մարդիկ ձերբակալվում են ռուսական հետախուզությանը տեղեկություններ փոխանցելու համար։ 2025 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին անվտանգության ուժերը ձերբակալել են Լատվիայի երկու քաղաքացու՝ երկրի պաշտպանական ոլորտի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու և փոխանցելու համար։
Մի քանի մարդ դատապարտվել է լրտեսության համար. 2023 թվականի նոյեմբերին Լատվիայի ներքին գործերի նախկին նախարար Յանիս Ադամսոնսը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման, 2024 թվականի հոկտեմբերին տաքսու վարորդ Սերգեյ Սիդորովը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, իսկ 2025 թվականի հունվարին 72-ամյա Ռուսաստանի քաղաքացին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։