Մատչելիության հղումներ

Քրեական հետապնդում՝ ֆեյսբուքյան գրառման համար. գործը Գյումրիից Երևան է տեղափոխվել

Մհեր Խաչատրյանը (նկարում՝ աջ կողմում)
Մհեր Խաչատրյանը (նկարում՝ աջ կողմում)

Շիրակի մարզում մի քանի ամսվա քննությունից հետո գյումրեցի Մհեր Խաչատրյանի գործը Երևանի դատարան է տեղափոխվել: Ըստ Դատալեքսի՝ դատավոր Արփինե Շտոյանը համարել է, որ ֆեյսբուքյան գրառման համար մեղադրյալի աթոռին հայտնված Խաչատրյանի գործն անհնար է շարունակել Գյումրիում, քանի որ նրան առաջադրված մեղադրանքի բովանդակությունից պարզ չէ ենթադրյալ հանցանքի կատարման վայրը.

«Նման պայմաններում դատարանը գտնում է, որ վարույթի տարածքային ընդհատությունը որոշելիս պետք է հիմք ընդունել քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումը, համաձայն որի՝ մեղադրանքը պետք է քննի այն դատարանը, որի դատական տարածքում գտնվում է միջդատական վարույթն իրականացրած նախաքննության մարմնի նստավայրը»,- գրել է շիրակի մարզի դատավոր Շտոյանը:

Նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեն էր իրականացրել: Վաղն այս գործով Երևանում նախնական դատական նիստն է: Մհեր Խաչատրյանը ծանուցումներ է ստացել, որ Երևանի ու Գյումրիի դատավորներն իրար դեմ բողոքներ են ներկայացրել:

«Մեկը մյուսի գործին բողոք էր ներկայացրել, այդ ծանուցումները ստանում էի, որ Շիրակի առաջին ատյանի դատավորը բողոքարկել է գործը, ուղարկել է Երևան, Երևանն էլ բողոքարկել է Վճռաբեկ, որպեսզի հետ ուղարկվի: Իմ կարծիքով՝ դատավորներն իրենց վրայից այդ ամեն ինչը հանում են թե՛ ծանրաբեռնվածությունից, թե՛ նաև, իմ ենթադրությամբ, գործի ոչ պատշաճ քննությունից: Չգիտեմ էլ՝ ոնց են այս գործը քննելու, ոնց են ինձ մեղավոր ճանաչելու, ինչ վճիռ են կայացնելու, աբսուրդի ժանրից էլի»,- ասում է Մհեր Խաչատրյանը:

Ըստ մեղադրանքի 36-ամյա Խաչատրյանը փետրվարի մեկին Facebook սոցիալական հարթակում հրապարակային եղանակով Քննչական մարմնի ղեկավարի ու քննիչների օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ հրապարակել է նրանց մասին արատավորող տեղեկություններ։ Այդ օրը Հանրային հեռուստաընկերությանը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի տված հարցազրույցից հետո էր Խաչատրյանը գրառում արել ու Քննչական կոմիտեի նախագահին անվանել «անսկզբունքային ծաղրածու, որը ապացուցեց, որ ծառայում է ոչ թե օրենքին ու ժողովրդին, այլ մոլագարների քմահաճույքներին»։ Քննչական կոմիտեի նախագահը խոսել էր ինչպես Բագրատ սրբազանի, այնպես էլ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քրեական գործերից, որից հետո էլ, ինչպես Մհերն է պնդում, ինքն իր հանրային կարծիքն է արտահայտել.

«Երբ մարդ հանրային կարծիք է ունենում, էդ կարծիքի համար մարդուն դատում են: Ուղղակի էս ամեն ինչն արվում է, որպեսզի ոչ մեկ սեփական կարծիք չունենա»,- Խաչատրյանն ասում է՝ եթե Քննչական կոմիտեի նախագահը վիրավորվել է, ապա ըստ վերջինիս՝ կարող էր քաղաքացիական հայց ներկայացնել։

«Եթե Քննչական կոմիտեի նախագահը, որպես անձ Արթուր Պողոսյանը վիրավորվել է, կարող էր քաղաքացիական դատարանով ինձ վիրավորանքի համար դատի տալ, բայց սա պետական ապարատի դատ է, այսինքն՝ անձնական դատ չէ, այլ Քննչական կոմիտեի նախագահին վերաբերվող դատ է, այսինքն՝ Դատախազություն, Ոստիկանություն ներգրավված են այս ամեն ինչին ու իմ սեփական հարկերի միջոցով իրենք աշխատավարձ ստանալով... եթե իրենք կոմպլեքսավորված են հանրային քննադատությունից, հանրային կարծիքից, չվստահելուց կամ նմանատիպ ինչ-որ բաներից, ուրեմն բարի լինեն դիմում գրեն, գնան իրենց տները նստեն, ինչով կուզեն զբաղվեն, հանրային պաշտոն չզբաղեցնեն, էդ քննադատական պարսավանքներին էլ չարժանանան»,- ասում է Մհեր Խաչատրյանը:

Հարցնում է՝ ուրիշ լուրջ հանցանք չկա՞, որ պետական մի ողջ համակարգ ու իր հարկերից վճարվող իրավապահները միջոցներ են ծախսել Երևանից իր հետևից Գյումրի հասել, պատմում է.- «Երեք քննիչներից ձևավորված խմբով գործը քննեցին, զննեցին, փաստեր հավաքագրեցին, պարզաբանեցին, երկու աշխատակցի ծանրաբեռնեցին, Երևանից ուղարկեցին Գյումրի, այդքան վարչական ռեսուրս, տրանսպորտ, ծախս, այդ ամեն ինչը մեր հարկերի հաշվին ծախսեցին, իբր ես ռոզիսկի տակ էի, ինչի տակ էի, մի հատ զանգել չեղավ, որ մի հատ հրավիրեին, ես ինքնակամ ելնեի, երթայի, եկան ինձ այնպես տարան Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե գործը քննելու, ոնց որ թազա մի հատ էլ տեռորիստ էին բռնել»:

Իր արտահայտած կարծիքից չի հրաժարվում, դատարանում էլ է այն պնդելու ու իրեն մեղավոր չի ճանաչում։ Ուղարկված ծանուցագրից է իմացել, որ հարուցված քրեական վարույթը 220 էջ է, գործը ապրիլից դատարան է հասել։ Մհեր Խաչատրյանի խափանման միջոցը բացակայելու արգելքն է, նրան առաջադրված հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Սոցցանցային գրառման համար հարուցված այս գործը եզակի չէ, իրավապահները չեն էլ թաքցնում, որ տնտղում են համացանցն ու գործեր հարուցում գրառումների հետքերով, բայց թե քանի գործ են հարուցել «Ազատությանը» հրաժարվել են հայտնել:

Իրավապաշտպաններն էլ այս գործերում խտրականություն են տեսնում՝ պնդելով, որ ընդդիմադիր հայացքներով քաղաքացիները շատ արագ մեղադրյալ են դառնում, իսկ իշխանությանը պաշտպանողների գործերն ընթացք չեն ստանում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG