ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնի Կիևին տրամադրել անվտանգության ամուր երաշխիքներ, եթե վստահ լինի, որ ուկրաինական նոր հակամարտությունը չափազանց քիչ հավանական է, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները։
«Նա կգնա նման քայլի [երաշխիքների տրամադրումը – խմբ.] միայն այն դեպքում, եթե համոզվի, որ դա հստակ ծառայում է Միացյալ Նահանգների ազգային շահերին, և որ ավելի լայն անվտանգության երաշխիքները նվազագույնի կհասցնեն այնպիսի իրավիճակի հավանականությունը, որում դրանք անհրաժեշտ կարող են լինել», - սոցցանցում գրել է Քուշները։
Ըստ նրա՝ հենց սա է պատճառը, թե ինչու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող վերջնականապես որոշվել պատերազմից հետո ստեղծված եվրոպական անվտանգության ճարտարապետությունից առանձին։
«Երկուսը պետք է դիտարկել միասին: Եվրոպական անվտանգության ինստիտուտներն ու համաձայնագրերը կարևոր հիմք են։ Մեր նպատակն է ամրապնդել դրանք, բացահայտել, թե որտեղ են առկա մեխանիզմները ձախողվել այս պատերազմը կանխելու համար, և մշակել ավելի արդյունավետ մեխանիզմներ ապագա հակամարտությունները նվազեցնելու համար»,- գրել է նա:
Քուշների խոսքով՝ դա ներառում է խորհրդակցությունների մշտական խողովակներ, ճգնաժամային հաղորդակցություն, ռազմական հակամարտությունների կարգավորում, ավելի մեծ թափանցիկություն և փոխադարձ միջոցներ՝ լարվածությունը նվազեցնելու համար:
«Մեզ անհրաժեշտ են բոլոր կողմերի մտադրությունների և պարտավորությունների հստակ պատկերացումներ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ, որոնք կգործեն նույնիսկ լուրջ անհամաձայնությունների դեպքում»,- գրել է նա:
Ամերիկացի բանագնացի խոսքով՝ իրենք ձգտում են այնպիսի ապագայի, որտեղ Ուկրաինան անվտանգ է, Եվրոպան՝ ավելի ուժեղ, Ռուսաստանն էլ վստահ է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում առճակատման, իսկ ՆԱՏՕ-ն ու նրա գործընկերները վստահ են, որ Ռուսաստանը կհարգի իր հարևանների ինքնիշխանությունն ու անվտանգությունը:
«Սա պահանջում է մտադրությունների մասին հստակ հայտարարություններ, որոնք հիմնված են հավաստի, ստուգելի պարտավորությունների վրա: Ցանկացած շրջանակ պետք է պահպանի բոլոր մասնակից պետությունների ինքնիշխանությունն ու անկախ որոշումների կայացումը»,- գրել է նա:
Թրամփի փեսան ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը, ընդհանուր առմամբ, պատրաստ է քննարկել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի դրույթներին նման երաշխիքներ տրամադրելու տարբերակը։
Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը նախատեսում է հավաքական պաշտպանության սկզբունքը, այսինքն՝ եթե ՆԱՏՕ-ի անդամ մեկ կամ մի քանի պետություններ զինված հարձակման են ենթարկվում, դա համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա, և մյուս անդամները պարտավորվում են օգնության հասնել հարձակման ենթարկված պետությանը։
«Նախագահ Թրամփի պատրաստակամությունը՝ քննարկելու Ուկրաինայի համար 5-րդ հոդվածի նման անվտանգության երաշխիքները, կարևորագույն գործոն է երկարատև խաղաղության հասնելու համար։ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ քննարկելու նման երաշխիքներ, մեծ առաջընթաց է և հնարավոր նշան, որ այս երկիրը լրջորեն պատրաստ է խաղաղության», - գրել է Թրամփի հատուկ դեսպանորդը՝ հավելելով, որ 5-րդ հոդվածի նման երաշխիքը կարող է զգալիորեն նվազեցնել մեկ այլ պատերազմի ռիսկը:
Միևնույն ժամանակ, Քուշները նշել է, որ նման երաշխիքները չափազանց լուրջ պարտավորություն են Միացյալ Նահանգների համար, ուստի թեման պահանջում է ուշադիր ուսումնասիրել ամեն ինչ: Նա նաև զգուշացրել է, որ նման երաշխիքներ տրամադրելը կպահանջի ոչ միայն Թրամփի, այլև ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը, և պետք է անցնի անհրաժեշտ ստուգումներ՝ ԱՄՆ Սահմանադրությանը դրա համապատասխանությունն ապահովելու համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա շուտով: Ուկրաինան պահանջում է, որ Եվրոպան նույնպես մասնակցի հաջորդ բանացկություններին: Մոսկվան հայտարարել է, որ նախ պետք է հասկանա եվրոպացիների դիրքորոշումը և այդ նպատակով արդեն պատրաստում է Եվրոպայի ներկայացուցիչների այցը Մոսկվա: