Կոսովոն մեղադրանք է առաջադրել 45 մարդու՝ անցյալ տարի Կոսովոյի հյուսիսում էթնիկ սերբերի կողմից իրականացված հարձակման մեջ նրանց ենթադրյալ մասնակցության համար:
Դատախազ Նաիմ Աբազին սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ մեղադրյալների թվում է Միլան Ռադոյչիչը՝ հարձակումը ղեկավարելու և կազմակերպելու համար։ Ենթադրվում է, որ նա այժմ գտնվում է Սերբիայում: Մյուս մեղադրյալների անունները չեն հրապարակվում։
Աբազին նշել է, որ բարդ հետաքննություն է անցկացվել, որին մասնակցում էին նաև միջազգային իրավապահ մարմինները:
2023-ի սեպտեմբերին մոտ 30 զինված էթնիկ սերբեր հարձակվել էին Սերբիայի հետ սահմանին գտնվող ոստիկանական պարեկային խմբի վրա՝ սպանելով սերժանտ Աֆրիմ Բունյակուին։ Այնուհետև փոխհրաձգություն է սկսվել հարձակվողների ու Կոսովոյի ուժայինների միջև, երեք զինյալ է սպանվել։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է հենց Ռադոյչիչը՝ դեպքից մի քանի օր անց հրաժարական տալով «Սերբական ցուցակ» կուսակցությունում զբաղեցրած պաշտոնից։