Մատչելիության հղումներ

Ըստ Սամվել Կարապետյանի՝ «կոնսոլիդացիան շատ արագ գնում է առաջ»

Հակակոռուպցիոն դատարանն այսօր կքննի գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունը:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը մեղադրվում է իշխանության յուրացման փորձի ու հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու, 8.5 միլիարդ դրամի հափշտակության և հարկերից խուսափելու հոդվածներով:

Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո՝ անցած ամռանից մեղադրյալի կարգավիճակում գտնվող միլիարդատեր գործարարը մոտ կես տարի բանտում էր, տարեվերջին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի:

Այսօր դատական նիստից առաջ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք քաղաքական ուժերին համախմբելու իր ծրագիրը տապալվե՞լ է, Կարապետյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»: Գործարարը պնդեց, թե ընդդիմադիրների շրջանում իր նախաձեռնած կոնսոլիդացիան «շատ արագ գնում է առաջ»:

Թե ինչ կոնսոլիդացիայի մասին է խոսում Կարապետյանը, պարզ չէ: Նրա հետ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Փաշինյանի դեմ պայքարի մտած մյուս երկու ընդդիմադիր առաջնորդները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին բանտում են՝ տնտեսական հանցագործությունների մեղադրանքներով:

Գործարար Կարապետյանը հունիսի 7-ի ընտրություններից 10 օր անց էր հայտարարել ընդդիմադիրներին համախմբելու իր նախաձեռնության մասին։ Օգոստոսի սկզբին արդեն վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ պայքարի օրակարգով ընդդիմադիր ուժերի համախմբման քննարկումները սկսվել են: Այս քննարկումներից, սակայն, հանրությանը, մանրամասներ հայտնի չեն դարձել:


XS
SM
MD
LG