Քննչական կոմիտեն առավոտյան խուզարկել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու ավտոմեքենան:
Քննչական կոմիտեն առայժմ չի բացահայտում, թե ինչ գործի շրջանակներում է կատարվել խուզարկությունը և ինչ կարգավիճակ ունի ընդդիմադիր պատգամավորը:
Սաղաթելյանը խուզարկությունից հետո լրագրողներին հայտնեց, որ քննիչները գործողություն էին իրականացնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պահանջները չկատարելու հետ կապված վարույթի շրջանակներում:
Քննիչները, ըստ Սաղաթելյանի, տան զարդերն ու կանխիկ գումար են առգրավել:
«ԴԱՀԿ-ն ինչ-որ ապօրինի պահանջներ է ներկայացրել, դրա շրջանակներում դիմել ենք Վարչական դատարան՝ իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար: Այս ընթացքում դատախազությունը շատ արագ գործ է հարուցել, ուղարկել է Քննչական, վարույթ են նախաձեռնել»,- ասաց Սաղաթելյանը՝ չմանրամասնելով, թե ԴԱՀԿ-ն ինչ պահանջ է ներկայացրել իրեն:
Ընդդիմադիր պատգամավորը հրավիրվել է հարցաքննության, ասաց, թե դեռ կարգավիճակ չունի, նաև չբացառեց, որ իրեն մեղադրանք առաջադրվի հարցաքննությունից հետո:
Որպես գործող պատգամավոր՝ Սաղաթելյանն օժտված է անձեռնմխելիությամբ։
Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը կատարվում է բացառապես ԱԺ-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։ Առանց խորհրդարանի համաձայնության՝ պատգամավորին հնարավոր չէ ազատությունից զրկել կամ ենթարկել քրեական հետապնդման։