Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածներ հասցնել միմյանց: Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Կիևին, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զոհվել է մեկ և վիրավորվել 22 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։
Կիևի վեց շրջան է հարձակման ենթարկվել: Վնասվել են տներ և մեքենաներ, բնակելի և ոչ բնակելի շենքեր, ռեստորանային համալիր, տրանսպորտային ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Հարավային կամրջի վրա գտնվող մետրոն, և վանք: Մահվան դեպքը գրանցվել է Դնեպրովսկի շրջանում:
Դնեպրի վրայով անցնող Հարավային կամրջի վրա հարձակման պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, Կիևում խցանումներ են առաջացել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարված է հասցվել նաև շտապօգնության կայանին, ինչի հետևանքով ոչնչացվել է վեց մեքենա։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ հարված է հասցվել նաև «Էպիկենտրոն» հիպերմարկետին։
Պոլտավայի և Վիննիցայի մարզերում հարվածներ են հասցվել էներգետիկ օբյեկտներին։ Կրեմենչուկում անօդաչու թռչող սարքը ոչնչացրել է տեղական հեռուստատեսության և ռադիոընկերության շենքը։
Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի, Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա ավելի քան 200 անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ և թևավոր հրթիռներով։
Վերջին 24 ժամվա ընթացքում հարձակման է ենթարկվել Խարկովի մարզի 11 գյուղ, հայտնել է մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը:
Լոզովսկի շրջանի Լիմանովկա գյուղում 42-ամյա կին է զոհվել, իսկ 13-ամյա տղա՝ վիրավորվել: Վիրավորներ կան նաև մի քանի այլ գյուղերում:
Դոնեցկի մարզում ռուսական հրետակոծության հետևանքով Դրուժկովկայում և Կրամատորսկում երկու մարդ է զոհվել, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Վերջին 24 ժամվա ընթացքում մարզում վիրավորվել է ևս ինը մարդ։
Ուկրաինական հարվածները
Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանի տարբեր շրջանների: Տելեգրամյան Astra ալիքի փոխանցմամբ՝ Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության «75 Արսենալ» օբյեկտը, որը զբաղվում է զենքի և զինամթերքի արտադրությամբ և ռազմական տեխնիկայի ու զենքի վերանորոգմամբ: Հարվածը հաստատել են նաև ուկրաինական մոնիթորինգային ալիքները։
Հոկտեմբերի 21-ի երեկոյան ժամերից մինչև հոկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 4:00-ն Մոսկվայի ուղղությամբ ընդհանուր առմամբ թռչել է 630 անօդաչու թռչող սարք: Դրանցից ավելի քան 160-ը խոցվել է քաղաքին մոտենալիս, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նա նաև հայտնել է, որ Նոր Մոսկվայի Վորոնովո շրջանում վիրավորվել է երկու մարդ:
Լիպեցկում անօդաչու թռչող սարքի հարվածից մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետ Իգոր Արտամոնովը: Վնասվել են նաև մի քանի մասնավոր և բնակելի շենքերի պատուհաններն ու ճակատային մասերը, իսկ չպայթած անօդաչու թռչող սարքի մարտագլխիկն ընկել է կլինիկայի տանիքին:
Astra-ն հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով «Ատմոսֆերա» բնակելի համալիրի վերին հարկերը հրդեհվել են։ Արտամոնովի խոսքով՝ տարածաշրջանի վրա մոտ 20 անօդաչու թռչող սարք է խփվել։
Կուրսկի մարզի Խոմուտովկա գյուղում 82-ամյա մի կին վիրավորվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը: Վնասվել են բնակարաններ և մեկ մասնավոր տուն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 808 անօդաչու թռչող սարք։