Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 53 մարդու՝ Իզմիրի ափամերձ Բուջայի՝ ընդդիմության կողմից ղեկավարվող տեղական խորհրդում կատարված խուզարկություններից հետո, հաղորդել է «Անադոլուն»։
Ձերբակալվածների թվում է Բուջայի գործող քաղաքապետ Գյորքեմ Դումանը, որը ներկայացնում է Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր՝ Հանրապետաժողովրդական կուսակցությունը (CHP)։
Ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետ Էրհան Քըլըչը։
Ըստ դատախազության՝ վերջիններս մեղադրվում են կաշառակերության, համայնքային բյուջեն յուրացնելու, լիազորությունները գերազանցելու համար։ Ընդդիմությունը պնդում է, թե քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և հրահանգվում է նախագահական պալատից։
Էրդողանը 2024-ի ՏԻՄ ընտրություններում ընդդիմությանը զիջել էր դիրքերը մի քանի կարևոր համայնքներում, որոնց մեծ մասում իրավապահները քննություն են սկսել ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ։
Այդ շարքում դատարանի առջև է կանգնեցվել նաև Ստամբուլի քաղաքապետ և Էրդողանի մրցակից Էքրեմ Իմամօղլուն, որը ձերբակալվել և պաշտոնանկ է արվել անցած տարվա մարտին՝ կոռուպցիայի և լրտեսության մեղադրանքով։