Մատչելիության հղումներ

Խուզարկություններ, ընդդիմադիրների ձերբակալություններ Գյումրիում

Շիրակում «Հզոր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցների ձերբակալությունը
Շիրակում «Հզոր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցների ձերբակալությունը

Այսօր վաղ առավոտից ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքներից ահազանգում են, որ իրենց կուսակիցների ու աջակիցների բնակարաններում խուզարկություններ են իրականացրել, կան մեկ տասնյակից ավելի ձերբակալվածներ։

«Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Հովիկ Պետրոսյանն ասում էր՝ իրենց համակիրներից շատերի հետ անգամ կապ հաստատել չի հաջողվում։

«Առավոտյան ժամը 7։00-ից մինչև 8։00-ի հատվածում մենք տեղեկություններ ենք ստացել, որ մեր՝ «Հայաստան» դաշինքի համակիրներին, ընկերներին, նույնիսկ Գյումրու մեր շտաբի պետ Սարոյան Բաբկենին իրենց տանից տարել են ուժային կառույցների ներկայացուցիչները։ Մինչև այս պահը մենք տեղեկություն չունենք նրա գտնվելու վայրի մասին, բայց մեր տեղեկություններով՝ ոչ միայն ինքն է, մոտավորապես 10 համակիրների, շտաբների աշխատակիցների հետ մենք այս պահին կապ չենք կարող հաստատել», - նշեց Պետրոսյանը։

Նույն դաշինքի մեկ այլ պատգամավորի թեկնածու Կարեն Սիմանյանի պնդմամբ՝ իրենց աջակիցների բնակարաններ իրավապահներն ավելի վաղ են մտել՝ առավոտյան ժամը 5։00-ին, և մեկ տասնյակից ավելի անձի բերման են ենթարկել։

«Առավոտյան ժամը 5։00-ից մուտք էին գործել մեր կամավորների, մեր թիմակիցների բնակարաններ, ինչպես նաև Անի թաղամասի շտաբ, անկապ ինչ-որ բացատրություններ տալով, որ որևէ մեկին հասանելի չէ, թե ինչի մասին է խոսքը, բերման են ենթարկել։ Մարդկանց քանակի մասով այս պահին 10 պլյուս արձանագրություն ունենք մեր մոտ։ Բայց նորից մեր շտաբերից զանգում, ասում են, որ մարդիկ ունենք տարած, բայց քանի որ չունենք կոնկրետ հեռախոսահամար, անուն, ազգանուն, և ճշտված չէ, այս պահին ֆիքսենք 10 պլյուս անձի մասին է խոսքը»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքից ձերբակալվածներ ևս կան։ Նրանցից մեկը գյումրեցի ընդդիմադիր ակտիվիստ Կարապետ Պողոսյանն է։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութի՝ նա չորս այլ անձի հետ կաշառք տալու և ստանալու մեղադրանքով է ձերբակալվել։

Գյումրիում այսօր տեղամասերից մեկի դիմացի տնից բերման ենթարկեցին 3 հոգու։

Տան վրա որևէ քաղաքական ուժի պաստառ չկար փակցված։ Դեպքի վայր հասած փաստաբաններից Հայկ Հարությունյանը նշեց, որ իրենք չեն հասցրել իրավաբանական աջակցություն ցուցաբերել։

«Մենք ահազանգ ստացանք, որ 18 դպրոցի հարևանությամբ գտնվող տանը կամ շտաբում, կամ գրասենյակում ոստիկանները եկել են, և քաղաքացիները մեզ տեղեկացրել են, որ իրենց իրավաբանական օգնություն ցույց տանք։ Մենք արագ մոտեցել ենք, դուռը փակ է եղել, թույլ չեն տվել, որպեսզի մենք կարողանանք այդ անձանց հասնել, հասկանանք, թե ի՞նչ է խնդիրը։ Եվ արդեն իսկ տեսանք 3 անձի ձերբակալելու պրոցեսը, այստեղ նստեցրեցին մեքենաները և տարան մեզ համար անհայտ ուղղությամբ։ Հավանաբար «Ուժեղ Հայաստանի» հետ էին կապված, բայց թե ինչու են տարել, պարզ չէ այս պահի դրությամբ։ 3 հոգու մենք անձամբ տեսանք՝ ինչպես են նստեցնում մեքենան և տանում», - նշեց նա։

Ավելի ուշ ոստիկանությունը հաստատեց, որ Գյումրիում 3 անձի ձերբակալել են ընտրակաշառք բաժանելու կասկածանքով, պնդեցին, որ նրանց մոտ հայտնաբերվել են նաև ընտրողների ցուցակներ։

Ոստիկաններն ավելի ուշ վերադարձան այդ տուն պահպանություն իրականացնելու, բայց ոչ թե դրսից, այլ բակ մտան՝ թույլ չտալով փաստաբանի մուտքը։

Արտուշ Հակոբյանը ոստիկանների գործողություններն անօրինական համարեց։

Իսկ գործողությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցը պնդում էր, որ իրենց գործողություններն օրենքի շրջանակներում են։

«Ուժեղ Հայաստան» դաշինքից, ըստ պատգամավորի թեկնածու, Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի՝ 3-4 հոգի ձերբակալվել է այսօր առավոտյան։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG