Մատչելիության հղումներ

«Առյուծ եմ տեսնում, ասոցացնում եմ Ծառուկյանի ընկերությունների հետ». «Կենտրոն» TV-ն տուգանվեց

Լրացված

100 հազար դրամ տուգանք «Կենտրոն» հեռուստաընկերությանը՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ ու դրան հաջորդող օրերին նրա մոտ 70 ընկերությունների փակմանը լրատվական հաղորդումներում չափից շատ անդրադառնալու համար:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, դերասան, ռեժիսոր Արթուր Մանուկյանի համար ցանկացած առյուծ ասոցիացվում է կալանավորված Ծառուկյանի ընկերությունների հետ:

«Նույնիսկ երբ որ «Դիսքավըրի»-ով առյուծ եմ տեսնում, ասոցացնում եմ «Մուլտի Վելնես»-ի հետ», - հայտարարեց Մանուկյանը:

«Պարոն Մանուկյան, քանի որ «Մուլտի մեդիա-Կենտրոն ԹիՎի» փակ բաժնետիրական [ընկերության] «Մուլտի» բառը՝ բանալին, «Կենտրոն» հեռուստաընկերությանն է վերաբերում, հետևաբար՝ հուլիսի 6-ին, 7-ին և 8-ին մշտադիտարկում իրականացվել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում», - ասաց Ծառուկյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը:

Արաբյանը համաձայն չէ հանձնաժողովի՝ միաձայն ընդունված այսօրվա որոշմանը, այն ստանալուց հետո կորոշեն՝ դիմե՞լ դատարան, թե՞ ոչ:

«Էս իրադարձությունները ես չեմ պլանավորել, դա պետության պլանավորած իրադարձություններ են», - նշեց հեռուստաընկերության տնօրենը:

Բեթղեհեմ Արաբյանը հանձնաժողովականներին հարցրեց՝ ինչո՞ւ որոշեցին դիտարկել հեռուստաընկերության աշխատանքը հենց այն օրերին, երբ իրավապահները մտան Ծառուկյանի տուն ու հիմնարկներ: Հանձնաժողովականները բացատրեցին՝ իրենք են որոշում, թե երբ դիտարկում անեն, սկսեցին մոնիթորինգը ու գտան խախտում. Ծառուկյանի թեման լրատվական թողարկումներում գերազանցել է օրենքով սահմանված 25 տոկոսը:

«Ո՞ւմ մասին է եղել 25 տոկոսից այդ ... », - հարցրեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Հաշվի առնելով ձեր հարցը՝ Գագիկ Ծառուկյանի», - արձագանքեց Արաբյանը:

«Գագիկ Ծառուկյանի», - կրկնեց Հակոբյանը:

Հանձնաժողովի նախագահը պնդեց՝ ութ տարվա ընթացքում «Կենտրոն»-ը նման չարաշահում է թույլ տվել և չորս անգամ պատժվել, և չորս անգամն էլ՝ Ծառուկյանի պատճառով: Տասնյակ անգամներ են զգուշացրել՝ աստիճանաբար նվազեցնել մեծահարուստ գործարարի լուսաբանումը, բայց՝ ապարդյուն:

«Այդ պարագայում կարո՞ղ եք ասել՝ ինչի՞ է տենց, արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը սեփականատերն է, կամ ազդեցություն ունի, կամ ֆինանսավորում է ձեր հեռուստաընկերությունը, որ այդպիսի մեծ ուշադրություն կա հենց այդ անձի նկատմամբ», - հարցրեց Հակոբյանը:

Արաբյանը, սակայն, հակադարձեց՝ «Արարատցեմենտ»-ի և մյուս ընկերությունների փակվելու, մարդկանց անգործ թողնելու, ցեմենտի պակասի մասին թեմաները նույն՝ Ծառուկյանի թեման չեն, և իրենց հրապարակած կադրերում Գագիկ Ծառուկյանն անգամ չի էլ երևում:

«Եթե ես հայտնում եմ, որ «Փարավոն»-ը փակվում է, եթե «Էպիկենտրոն»-ը անդրադառնում է այդ թեմային, ի՞նչ առնչություն ունի դա Գագիկ ծառուկյան անձին լուսաբանելու հետ: Կամ «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատում քննչական գործողությունները կարծեմ երկու մարմնի կողմից՝ և՛ ՊԵԿ-ի, և՛ Քննչական կոմիտեի: Այսինքն՝ եթե մենք դա լուսաբանում ենք, որովհետև հսկայածավալ գործարանում գործողություններ են իրականացնում, եթե պետությունը ռեսուրսներ է հատկացրել, եթե գործողություն է իրականացվում, եթե պլանավորել է այդ ամենն իրականացնել, ապա ուրեմն ես պետք է լուսաբանեմ», - նշեց հեռուստաընկերության տնօրենը՝ հավելելով. - «Ամենայն վստահությամբ ձեզ հայտնում եմ՝ եթե դա չլիներ Գագիկ Ծառուկյանը և լիներ իքս անձ, լուսաբանելու էի նույն կերպ: Եթե մտել են Գագիկ Ծառուկյանի տուն և մտնեին իքս անձի այգին, ապա լուսաբանումը կլիներ այդպես»:

«Կենտրոն»-ի ղեկավարը պնդեց՝ երկրի թիվ մեկ իրադարձությունն այդ օրերին Ծառուկյանն ու նրա ձեռնարկություններում իրավապահների գործողություններն էին, և դրանց անդրադարձել են ոչ միայն իրենք, այլև ամբողջ լրատվական դաշտը: Ըստ հանձնաժողովի, սակայն, մյուս լրատվականները նման խախտում թույլ չեն տվել:

«Ասոցիացիա Գագիկ Ծառուկյանի հետ: Նույն ձև, ուրեմն, ասոցիացիա ունեն բոլոր նախարարները վարչապետի հետ», - ընդգծեց Բեթղեհեմ Արաբյանը:

Մինչ Արաբյանը բացատրում էր, որ հանրային հնչեղության թեմաների է անդրադարձել, հանձնաժողովի անդամ, լրագրող և մեդիա վերլուծաբան Նունե Հախվերդյանը հակադարձում էր. - «Դուք ասում եք, որ մեկ անձի շուրջ չի, բայց եթե նույնիսկ անձի շուրջ չի, մենք հասկանում ենք, որ թեման նույնն է: Եվ [...] արտահերթ իրավիճակ չի, դա աղետալի չի, և արտակարգ իրավիճակ չի հայտարարված հասարակությունում, որ դա լինի մեղմացուցիչ հանգամանք»:

«Կենտրոն»-ի ղեկավարը մի օրինակ էլ բերեց՝ եթե առաջնորդվեն հանձնաժողովականների տրամաբանությամբ, ապա լրատվամիջոցներին կարող են տուգանել նաև տարբեր նախարարությունների աշխատանքը լուսաբանելու համար. - «Եթե ես լուսաբանում եմ Արդարադատության նախարարությանը, ես լուսաբանում եմ սոցապ նախարարությանը, ես լուսաբանում եմ Պաշտպանության նախարարությանը նույն օրը և լուսաբանում եմ նաև Արտաքին գործերի նախարարությանը, արդյո՞ք ես լուսաբանում եմ միայն Կառավարությանը, և այդ 25 տոկոսի խախտում է, կամ արդյո՞ք ես լուսաբանում եմ Նիկոլ Փաշինյանին»:

Արդյո՞ք միտում տեսնում են ՀՌՀ որոշման մեջ:

«Համընկնումները արձանագրում եմ, որովհետև երբ այն նույն առավոտյան պետական մի շարք կառույցներ գնացել են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերություններ, փաստացի չակերտավոր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն էլ եկել է «Կենտրոն» հեռուստաընկերություն», - ասաց Արաբյանը:

Եթե այս նույն խախտումը հեռուստատեսությունը մեկ տարվա ընթացքում էլի թույլ տա, ապա կկասեցվի նրա լիցենցիան, իսկ դրանից հետո այն կդադարեցվի:

Արդյոք Ծառուկյանին ունեզրկելու մասին վարչապետի հայտարարությունից հետո «Կենտրոն»-ը ևս կվերցնեն, պարզ չէ: Տիգրան Հակոբյանը հրաժարվեց նման հարցերի պատասխանել:

Տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող Ծառուկյանի երեք ընկերություններ նրա կալանավորմանը հաջորդած մեկ ամսվա ընթացքում արդեն անցել են պետության կառավարմանը:

Ի դեպ, Հակոբյանը խոստովանեց, որ Հանրային հեռուստաընկերությունը ևս նմանատիպ խախտումներ է թույլ տալիս, բայց իրենք օրենքով լծակներ չունեն: Այն բանի համար, ինչի համար այսօր տուգանվեց «Կենտրոն»-ը, պարբերաբար քննադատվում է Հանրային հեռարձակողը: Օրինակ՝ «Անկախ դիտորդի» մոնիթորիգը ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում քարոզչական և քարոզչական ենթատեքստ ունեցող նյութերում Հանրայինը առավելապես անդրադարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագրին»: Իսկ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը ունեցել է առավելապես բացասական՝ հակաքարոզչական շեշտադրում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG