Մատչելիության հղումներ

Կապանը տասն օրով կվերածվի մշակութային մայրաքաղաքի

Kapan Fest փառատոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանը
Kapan Fest փառատոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանը

Աշխարհի երաժշտական քարտեզի կենտրոնը մի քանի օրից կդառնա Սյունիքը։ Հայաստանի հարավում, լեռների մեջ թաքնված Կապանն այս տարի արդեն 4-րդ անգամ տասն օրով կվերածվի միջազգային երաժշտական բեմի։ Քաղաքի առօրյային էլ կխառնվեն Բախի, Բրամսի, Կոմիտասի երաժշտությունն ու ջազի, տանգոյի հնչյունները։

«Այս տարի նույնպես լինելու են 45 արտիստ, եթե ոչ ավել, տրադիցիան չենք խախտում. հիմնականում կլասիկ համերգներ և ջազ և ֆյուժըն՝ խառը ... Այս տարի մոդեռն երաժշտություն, Ֆրանսիայից երգչախումբ է գալիս 18-հոգանոց, և համաշխարհային պրեմիերա է լինելու՝ Միշել Պետրոսյանի գրած երգ՝ «Փարաջանով» խորագրով, այնուհետև ունենալու ենք ջազ Վրաստանից, մնացած համերգների մեծ մասը՝ կլասիկ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Kapan Fest փառատոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, թավջութակահար Սևակ Ավանեսյանը:

Ավանեսյանի համոզմունքն է, որ բարձրակարգ մշակույթը չպետք է կենտրոնացած լինի միայն մայրաքաղաքում, որ արտերկրից եկած երաժիշտներն ու հյուրերը պետք է ճանաչեն նաև երկրի մյուս գույներն ու շերտերը՝ Սյունիքի լեռները, բնությունը, պատմությունը ու իհարկե մարդկանց:

Kapan Fest-ը երաժշտությունը բառիս բուն իմաստով բարձրացրել էր լեռներ։ Երկու տարի առաջ էր, որ Խուստուփի լանջին հնչեց լեգենդար ջազմեն Տիգրան Համասյանի դաշնամուրը։ Դա փառատոնի հիմնական ծրագրից դուրս էր, հատուկ միջոցառում էր, որի ընթացքում էլ Համասյանի դաշնամուրը ամպերի միջով հասցվեց Խուստուփի լանջ... ու լեռներում հնչեց ջազը:

Բելգիայում կրթություն ստացած, միջազգային մրցույթներում հաղթած Սևակ Ավանեսյանը հավատում է հայկական երաժշտության ուժին՝ միշտ։ Այդ հավատը նա աշխարհին ցույց էր տվել 2020-ին, երբ Արցախում հրթիռակոծված Ղազանչեցոցի ավերակներում նրա թավջութակից հնչեց Կոմիտասի «Կռունկ»-ը։ Մի քանի րոպե տևած այդ կատարումը ցավի ու հիշողության մասին մի ամբողջ պատմություն էր.

«Եվ մենք փորձում ենք մշակույթով, երաժշտությունով և ամեն մեկս մեր օրինակով և մեր աշխատանքով ցույց տանք, որ այո, հայն արժանի է ունենալ Հայաստան»:

Այդ երաժշտական խոստովանությունից հետո պատմությունը տեղափոխվեց փառատոնային իրականություն։ Ու Կապանը հիմա դառնում է մի վայր, որտեղ ոչ միայն տասն օր երաժշտական տոն է, այլև որտեղ խորը արմատներ է գցում երաժշտությունը։

Փառատոնի հենց մեկնարկից քաղաքի երգեհոնային դահլիճը Kapan Fest-ի շնորհիվ համալրվեց նաև համաշխարհային մակարդակի Steinway & Sons համերգային ռոյալով։

«Իսկ դաշնամուրը դա մի տեսակ թոնիրն է, որի շուրջը հավաքում են երաժիշտները։ Ժամանակին ո՞նց էին թոնրի շուրջ ընտանիքը հավաքվում: Եվ դաշնամուրը և համերգասրահը էդ երևույթն է, որը որ ստեղծեց Կապանի փառատոնը», - ասում է Ավանեսյանը:

Իսկ հուլիսյան արդեն ավանդական դարձած համերգային ծրագիրը համեմվում է վարպետության դասերով, աշխատարաններով, ցուցահանդեսներով... Մշակույթն էլ սերմ է, մի հատիկ, որտեղ ցանես ու խնամքով մշակես՝ այնտեղ էլ բերք կտա։

«Ուսանողների քանակը, երեխաները, որոնք որ գնում են երաժշտական դպրոց, կրկնապատկվել, եռապատկվել է, և Կապանի համայնքապետը ինձ կատակով ասեց՝ «բա հիմա ի՞նչ անենք, էդքան դասատու չունենք, էդքան դպրոցներ չունենք, իսկ երեխաների կողմից ցանկությունը շատ շատ մեծ է»: Սա շատ հաճելի և պոզիտիվ պրոբլեմ է, որ պետք է լուծենք: Այսպիսով Կապանը և երգեհոնային դահլիճը և Սյունիքը սարքում ենք երաժշտության մայրաքաղաք տասն օրով», - նշեց Սևակ Ավանեսյանը:

Հուլիսի 4-ից երաժշտական մայրաքաղաքի վերածվող Կապանը եվրոպացի և տեղացի հյուրերի համար անկանկալ էլ է պատրաստել. Սյունիք գնալիս ուսապարկում պետք է ընդամենը մի տեղ էլ պահել դիմակի համար՝ «Վիեննա Սամըր»-ը կարճ ժամանակով կտեղափոխվի Հայաստանի հարավ:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG