Վանաձորի քաղաքապետարանը խզել է մեկ տարվա պայմանագիրը սանմաքրում իրականացնող անհատ ձեռներեց Սեյրան Սաֆարյանի հետ՝ նրան ներառելով գնումների «սև ցուցակում»՝ այն բանից հետո, երբ նա մեղադրվել է ընտրակաշառքի մեջ ու կալանավորվել երկու ամսով:
Սաֆարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն պես նրան ազատել են նաև քաղաքապետարանի «Քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատանքից։
Ուշագրավ է, որ Սաֆարյանը միաժամանակ եղել է և՛ քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող գործարար, և՛ նույն համայնքային կառույցի աղբահանության գծով պատասխանատու։ Ընդ որում` երկու տարի շարունակ մասնակցել է քաղաքի մի շարք փողոցների մաքրման աշխատանքների մրցույթին ու շահել՝ որպես միակ մասնակից:
Քաղաքապետարանում, մինչդեռ, այստեղ շահերի բախում չեն տեսնում։ Վանաձորի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանը պնդում է, թե նա երկու տարբեր գործառույթ է ունեցել՝ աղբահանության վերահսկողի և մաքրությամբ զբաղվող գործարարի։
Սաֆարյանի քրեական գործն արդեն դատարանում է: Նա մեղադրվում է հունիսի 7-ի ընտրություններից առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք տալը նախապատրաստելու համար:
Մեղադրանքում մասնավորապես ասված է. «Սեյրան Սաֆարյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր, կուսակցության գործող գրասենյակի աշխատանքները համակարգող Վանունի Գոգինյանի, ինքնությունները դեռևս չպարզված այլ համակիրների և պատասխանատու անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են Համապետական ընտրությանը մասնակցող քաղաքացիներին տալ ընտրակաշառք, ինչպես նաև, նյութապես շահագրգռելով, խոչընդոտել քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը»:
Փաստացի քաղաքապետարանը չի սպասել դատավճռին ու բոլոր աշխատանքային կապերը խզել է Սեյրան Սաֆարյանի հետ: Քաղաքապետարանից, մինչդեռ, պնդում են, որ պայմանագրերը խզել են ոչ թե քրեական գործի կամ ընդդիմադիր հայացքների, այլ Սաֆարյանի թերացումների համար։ Աստղիկ Ավետիքյանի խոսքով՝ իրականացված ստուգայցով պարզվել է, որ մաքրման աշխատանքները կատարվել են թերություններով, իսկ քաղաքը չէր կարող սպասել ամիսներով։
Քաղաքապետարանը անհատ ձեռնարկատեր Սեյրան Սաֆարյանի հետ համագործակցությունը դադարեցնելու և նրան հետագա գնումներին մասնակցելու իրավունքից զրկելու որոշումներին կցել է ձեռագիր մի արձանագրություն: Դրանից պարզ է դառնում, որ նրա պատասխանատվության տակ եղած տարածքներում հնգօրյա շրջայց են սկսել հենց Սաֆարյանի ձերբակալության հաջորդ օրը՝ մայիսի 16-ին: «Մաքրման աշխատանքները հիմնականում արված չեն եղել կամ կատարվել են թերություններով», -գրված է արձանագրության մեջ, որի տակ ստորագրել են քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության, բարեկարգման և բնապահպանության բաժնի պետի տեղակալն ու ևս երեք աշխատակիցներ: Նաև լուսանկարներ են կցել, որտեղ փողոցների եզրերին ու մայթերին հողաշերտ է երևում:
Կալանավորված Սաֆարյանի հետ Վանաձորի համայնքապետարանը աղբահանության պայմանագրեր կնքել է դեռ 2024 թվականից: Հենց այդ թվականին է նա պայմանագրային աշխատանքի անցել քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ում, որ աղբահանությամբ է զբաղվում: Այդ տարի Սաֆարյանը, որպես անհատ ձեռնարկատեր, մոտ 10 միլիոն դրամ է ստացել քաղաքապետարանից, անցած տարի՝ 2,5 անգամ ավելի՝ մոտ 25 միլիոն, իսկ այս տարվա համար արդեն 25,5 միլիոն դրամի պայմանագիր էին կնքել: Արդյոք նախկինում քաղաքապետարանը նման շրջայցեր արե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա արդյոք դժգոհություններ երբևէ չե՞ն ունեցել խոշոր պայմանագրեր կնքած Սեյրան Սաֆարյանից, հստակ չէ:
Աղբահանության խնդիրներ ունեցող Վանաձորի քաղաքապետարանից վստահեցնում են, թե շրջայցերը մշտական են, իսկ Սաֆարյանի պատասխանատվության գոտում անթույլատրելի վիճակ են տեսել:
Համաձա՞յն է արդյոք Սաֆարյանը քաղաքապետարանի հետ, ընդունո՞ւմ է, որ թերացել է աշխատանքում, թե՞ իրեն ՀՈԱԿ-ի աշխատանքից ազատելու ու սանմաքրման պայմանագիրը խզելու այլ դրդապատճառներ է տեսնում: Այս հարցերը նրա փաստաբանին ուղղել չհաջողվեց, խոստացավ արձագանքել ու մեր զանգերին այլևս չպատասխանեց:
Որպես ընդդիմադիր կուսակցության համակիր դատարանի առաջ կանգնած Սեյրան Սաֆարյանի փոխարեն քաղաքի երեք գոտիները աղբից մաքրելու նոր մրցույթում շահել է անհատ ձեռնարկատեր Կալիփսե Մաթևոսյանը, ով քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի նախկին պետ Լյովա Մելիքյանի հարսն է: Նրանք նույն հասցեում են հաշվառված: Լյովա Մելիքյանը պաշտոնավարել է մինչև 2016 թվականը: