Մատչելիության հղումներ

Կադրային հնարավոր փոփոխություններ կառավարությունում. ովքե՞ր կարող են հեռանալ

Մինչ վարչապետն արձակուրդում է, կառավարությունում հնարավոր կադրային փոփոխությունների շուրջ քննարկումները չեն դադարում։ Թեև Նիկոլ Փաշինյանն ընտրություններից մոտ երկու շաբաթ անց հայտարարել էր, թե նախարարների և փոխվարչապետերի փոփոխություն չի սպասվում, առնվազն մեկ նախարարի սպասվող հեռացման լուրն արդեն հաստատել է հենց ինքը՝ գործադիրի ղեկավարը։

Մխիթար Հայրապետյանը, արխիվ
Մխիթար Հայրապետյանը, արխիվ

«Քաղաքացիական պայմանագրի» առանցքային անդամներից Մխիթար Հայրապետյանը, որ 2023 թվականի դեկտեմբերից զբաղեցնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, 2021-ի արտահերթ ընտրություններից հետո նույնպես ներկայացված չէր ո՛չ գործադիրում, ո՛չ օրենսդիրում: Նա շուրջ երկու տարի զբաղեցնում էր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Թե այս անգամ որո՞նք են Մխիթար Հայրապետյանի գործադիրից հեռանալու հստակ պատճառները, դեռևս պաշտոնապես պարզ չէ։

Այդուհանդերձ, ըստ մամուլի հրապարակումների, նախարարի շուրջ ստեղծված իրավիճակին նախորդել է վարչապետի դժգոհությունը հեռախոսների IMEI կոդերի գրանցման համակարգի ներդրման գործընթացից։ Դեռևս պաշտոնավարող նախարարից պարզաբանում ստանալ չհաջողվեց։

Եթե Հայրապետյանի հեռանալու պատճառներից մամուլում մեկ վարկած է շրջանառվում, ապա ուղիղ հինգ տարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի հնարավոր հեռացման վերաբերյալ ամենատարբեր մեկնաբանություններն են հնչում։ Ինքը՝ վարչապետն, անցած շաբաթ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Հարությունյանի պաշտոնից հեռացնելու լուրը։

Արայիկ Հարությունյանը, արխիվ
Արայիկ Հարությունյանը, արխիվ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր անվան շուրջ մամուլի հրապարակումներին արձագանքել է արձակուրդից, որը դատելով լուսանկարներից՝ անցկացնում է Միացյալ Նահանգներում. «Թեպետ արձակուրդում եմ ու իմ դեմ սկսված արշավին մտադիր էի հետո անդրադառնալ, բայց հարկ համարեցի հիմա տեղեկացնել, որ պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ, զրպարտության և բարի համբավի դեմ այս ոտնձգության համար։ Ներկայում փաստաբաններն աշխատում են բոլոր հայցերի վրա։ Հայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար։ Հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել»։

Այս գրառման մեջ, սակայն, անդրադարձ չկա իր հնարավոր պաշտոնանկության լուրերին։ Արձակուրդում գտնվող Հարությունյանը հրաժարվել է «Ազատության»-ը մեկնաբանություն տալ այս հարցով։

Վահե Հովհաննիսյանը, արխիվ
Վահե Հովհաննիսյանը, արխիվ

Արայիկ Հարությունյանի հետ պաշտոնը հնարավոր է լքի նրա մտերիմ ընկեր, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Այս մասին մամուլում շրջանառվող լուրերը, սակայն, պաշտոնապես դեռ հաստատված չեն։

Ինքը՝ Վահե Հովհաննիսյանը, «Ազատության»-ը միայն փոխանցեց նման լուրերից տեղյակ չէ։ Հովհաննիսյանը ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից։

Վարչապետի կաբինետի մյուս փոփոխությունների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան։





Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG