Մատչելիության հղումներ

Ջրաձորը սպասում է թե՛ ջրամբարին, թե՛ խոստացված 21-րդ դարի գյուղին

Ջրաձորում, որ պիտի ջրի տակ անցներ Կապսի ջրամբարի կառուցման արդյունքում, դեռ սպասում են իրենց գյուղի տեղափոխությանը:

Բնակիչներից 67-ամյա Լյովա Սիմոնյանը թերահավատ է՝ ջրամբարի շինարարության կասեցումը իրենց գյուղի կառուցման ծրագրի վրա էլ կարող է քար գցել:

Լյովա Սիմոնյանը
Լյովա Սիմոնյանը

«Ծրագրով էս տարի պիտի շահագործման հանձնեին գյուղը, բայց չի հանձնվել, նույնիսկ շինարարական աշխատանքներ չի եղել: Ուրեմն, գյուղի շինարարությունը կդադարեցվի, որովհետև, եթե անվտանգության գոտի է պետք, ջրամբարներն էլ պիտի անվտանգության գոտի լինեն, ստիպված պիտի գյուղը տեղափոխել։ Իսկ եթե ջրամբարի շինարարությունը չկա, ներկա դրությամբ մենք կսպասենք, թե՝ ջրամբարի շինարարությունը պիտի շարունակվի, թե պիտի չշարունակվի, էդ էլ մեզ համար անհայտ է»,- ասում է գյուղի բնակիչ Լյովա Սիմոնյանը:

6 տարի առաջ էր, որ կառավարությունը 5 մլրդ դրամ հատկացրեց Նոր Ջրաձորի կառուցման համար: Վարչապետ Փաշինյանն էլ հենց այդ նիստում հայտարարել էր, թե 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նոր գյուղ կառուցվում:

Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

«Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն հենց Ջրաձորի և Ջրաձորի բնակիչների համար, այլև կարևոր է մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ, կոնկրետացնելու վերաբերյալ»,- հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Մինչդեռ, տարածքում, որտեղ այս տարի արդեն պիտի նոր գյուղը լիներ, դեռ ոչինչ արված չէ: Ոչ գյուղը, ոչ էլ Կապսի ջրամբարը դեռ կառուցված չեն: Բայց Ջրաձորի վարչական ղեկավար Արա Հարությունյանի խոսքով՝ այս ընթացքում կարողացել են տարածքի հետ կապված տարբեր տեխնիկան հարցեր լուծել՝ սկսած հողատարածքների օտարումից մինչև ժառանգության հաստատում: Տեղանքի հետ կապված նախագծման փուլում են խնդիրներ եղել, բայց լուծումներ գտնվել են ու մնում է կառավարությունը հաստատի ու գումարի չափն ավելացնի:

Արա Հարությունյանը
Արա Հարությունյանը

«Ժողովուրդն ընտրեց գյուղը, ոչ թե փոխհատուցում, էս դեպքում արդեն գումարը համարյա կրկնապատկվում է՝ մոտ 9 միլիարդի գումար է կազմում, որը, բնականաբար, պետք է նոր կառավարության որոշում լինի, և, հետևաբար, բնակչությունը սպասում է նոր կառավարության որոշմանը»,- նշեց Ջրաձորի վարչական ղեկավարը:

Մոտ 200 բնակիչ ունեցող այս գյուղի բնակիչների բախտը չի բերել, դեռ խորհրդային տարիներին են սկսել տեղափոխման ծրագիրը, բայց անընդհատ կիսատ է մնացել: Փոքրիկ համայնքը չէր ընդգրկվել նաև 88-ի երկրաշարժից տուժած համայնքների ցանկում, միայն լրատավամիջոցների բացահայտումներից հետո գյուղի բնակիչներին բնակարանի գնման վկայագիր տրամադրվեց, բայց մեծ մասը գերադասեց գյուղում մնալ ու սպասել նոր գյուղի շինարարությանը: Լյովա Սիմոնյանը նրանցից մեկն է:

«Սկզբնական շրջանում ուզեցան 28 անօթևանների ծրագիր մտցնեին, մենք հրաժարվեցինք, դե մենք գյուղով նույն տեղն ենք ապրել, ամբողջ գյուղը միասնական է։ Մի ծրագիր է մտցրել, արդեն ինչ-որ պրոյեկտներ կան, դրան կսպասենք էլի»,- ասում է գյուղի բնակիչը:

Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, թե ջրամբարի շինարարությունը հավանաբար հաջորդ տարի կվերսկսվի: Շինարարության ժամկետների խախտման համար չինական ընկերության հետ պայմանագիրը խզվել է, այս տարի պետք է նոր միջազգային մրցույթ հայտարարվի՝ ջրամբարի ողջ ծավալի՝ 60 միլիոն խորանարդի կառուցման համար: Եթե այս ծրագիրն ի վերջո սկսվի, Ջրաձորի տեղափոխումն անխուսափելի կլինի, քանի որ գյուղն ու Ամասիա տանող ճանապարհը ջրի տակ կմնան:

Մոտակայքում նոր գյուղի կառուցման համար 14 հեկատար հողատարածք է հատկացվել: Ըստ նախագծի՝ 74 տուն է կառուցվելու այստեղ: Եվս 2 ընտանիքի հարց դեռ խնդրահարույց է:

Հին Ջրաձորից ապագա նոր Ջրաձորը պարզ երևում է: Սպասում են, թե, ի վերջո, երբ է կառավարության խոստացած 21-րդ դարին համահունչ գյուղի շինարարությունը մեկնարկելու:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG