Մատչելիության հղումներ

Ժոզե Մոուրինյոն՝ «Ֆեներբախչե»-ի գլխավոր մարզիչ


Ժոզե Մոուրինյոն «Շուքրու Սարաջօղլու» մարզադաշտում, Թուրքիա, 2-ը հունիսի, 2024թ․
Ժոզե Մոուրինյոն «Շուքրու Սարաջօղլու» մարզադաշտում, Թուրքիա, 2-ը հունիսի, 2024թ․

Թուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի աշխարհահռչակ մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել երեկ Թուրքիայի «Ուլկեր» մարզադաշտում և այն բաց է եղել երկրպագուների համար: Մոտ 30 հազար երկրպագուներ իրենց տեղը տրիբունաներում զբաղեցրել են արարողությունից 2 ժամ առաջ և Մոուրինյոյին դիմավորել են երկար ծափողջուններով։

Մոուրինյոն պայմանագրի ստորագրումից հետո ակումբի նախագահ Ալի Կոխի հետ միասին է դուրս եկել խաղադաշտում տեղադրված մեծ բեմ, որտեղից դիմել է երկրպագուներին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

«Սովորաբար մարզիչները երկրպագուների այս սիրուն արժանանում են հաղթանակից հետո։ Բայց ես հիմա եմ դա տեսնում ձեր կողմից՝ նախքան հաղթանակները, և դա մեծ պատասխանատվություն է դնում ինձ վրա։ Խոստանում եմ, որ այսուհետ ես այս մեծ ընտանիքի անդամն եմ: Ֆուտբոլը կիրք է ձեզ համար, մեզ համար։ Ես հավատում եմ, որ գտնվում եմ լավագույն վայրերից մեկում, որտեղ կարող եմ զգալ այդ կիրքը», - դիմելով երկրպագուներին՝ ասել է Մոուրինյոն՝ շեշտելով, որ ցանկանում է աշխատել ի շահ թուրքական ֆուտբոլի՝ կարևորելով թուրքական ֆուտբոլի զարգացումը։

Մոուրինյոն 2021-ի մայիսից «Ռոմայի» գլխավոր մարզիչն էր։ 2022-ին «Ռոման» նվաճել է Եվրոպայի Կոնֆեդերացիայի լիգայի գավաթը, իսկ հաջորդ տարի դուրս եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Սակայն այս տարվա հունվարին ակումբը հայտնեց, որ պաշտոնանկ է արել Մոուրինյոյին։

«Ռոմայում» նրա պաշտոնավարման շրջանից միշտ հիանալի հիշողություններ կունենանք, բայց կարծում ենք՝ անհապաղ փոփոխությունն ամենալավն է ակումբի շահերի համար»,- հայտարարել էին «Ռոմայի» սեփականատերեր Դեն և Ռայան Ֆրիդկինները։

Մոուրինյոն նախկինում մարզել է պորտուգալական «Պորտո», անգլիական «Չելսի», «Մանչեսթր Յունայթեդ», «Տոտենհեմ» թիմերը, իտալական «Ինտերն» ու իսպանական «Ռեալ Մադրիդը»։

Երկու անգամ նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 2004 թվականին «Պորտոյի» և 2010-ին՝ «Ինտերի» հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG