Որ Սիսիանում մեկ շաբաթ առաջ դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղան ապտակներ է ստացել, ոստիկանությունը հայտնեց օրեր առաջ: Այժմ քրեական գործ կա, կինը, որ Իշխանասարի դպրոցի 55-ամյա դասվարն է, մեղադրյալ է անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ ու տառապանք պատճառելու հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, և կասեցված է նրա մանկավարժական գործունեությունը:
Երեխան Սիսիանի դպրոցում է սովորում: Իշխանասարի ուսուցչուհին նրան տանը լրացուցիչ էր պարապում, տեսանյութը հեկեկացող տղայի եղբայրն է նկարել:
«Ասում ա՝ «ջղայնացել եմ՝ ապտակել, դուք չեք ապտակո՞ւմ», - 6-ամյա երեխայի ծնողները ուսուցչուհուց այս բացատրություն են լսել: Մայրը պատմեց՝ տղան, թեպետ երկրորդ դասարանում է սովորում, բայց տառերը չգիտի, ինքը ստիպված վճարովի լրացուցիչ պարապմունքի է տարել: Որ բռնություն կարող է լինել, չի էլ ենթադրել, նույն ուսուցչուհին պարապել է նաև իր մյուս տղաների հետ. - «Ինքը լավ կին ա եղել, չեմ պատկերացրել»:
Իշխանասարի դպրոցի տնօրենը պնդում է՝ դասվարը այս գյուղում հինգ աշակերտ ունի, դժգոհություն երբեք չի լսել, «հավասարակշռված» բառն է օգտագործում Լիանա Մովսիսյանը դասվարի մասին:
Այժմ տղան դպրոց մտնել չի ուզում:
Այսօր ընտանիքին այցելել են Սիսիանի համայնաքապետարանի խնամակալության հոգաբարձության հանձնաժողովի անդամները, տղան հրաժարվել է շփվել:
«Երեխան ոչ կայուն վիճակում է, էլի կայցելենք, չի խոսել», - ասաց Սիսիանի համայնքապետարանի կրթության բաժնի պետ Նառա Հովհաննիսյանը: Երեխան հոգեբանական աջակցության կարիք ունի ու չի ստացել, ավելին ՝ այդպիսի կարիք ունեցող երեխան ծեծվել է, ընդգծեց նա:
Մի քանի շաբաթ է՝ բռնության ենթարկվող աշակերտների վերաբերյալ աղմկոտ պատմություններ են պայթում տարբեր մարզերում: Մի դեպքում 7-ամյա աղջնակ է դասվարի բռունցքների ու ցուցափայտի հարվածների տակ ընկնում, մեկ այլ դեպքում 13-ամյա տղային մաթեմատիկայի ուսուցիչն է հարվածում, տետրի ծայրով վնասում աչքը, հետո՝ փոխտնօրենը անկյուն կանգնեցնում, ու բոլոր այս դեպքերում ծնողները բողոքում են, բայց չեն ուզում, որ գործը քրեական ընթացք ստանա:
«Ազատության» հաղորդումը՝ ստորև.