Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցի զինյալները երկու իսրայելցի զինվորի են սպանել, ինչից հետո իրենք են սպանվել զինվորականների կրակոցներից, հաղորդում է Reuters-ը: Տեղի ունեցածը, շարունակում է լրատվական գործակալությունը, առիթ է դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրում անցկացվելիք ընտրություններից օրեր առաջ սպառնա օկուպացված տարածքներում լայնածավալ հարձակմամբ:
Արևմտյան ափի հարավում Հեբրոնի մոտ հարձակման հետևանքով ևս երեք զինվոր վիրավորվել է, հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակը:
Դեպքը տեղի է ունեցել իսրայելցի վերաբնակիչների սաստկացող հարձակումների և տարածքում բռնությունների աճի ֆոնին:
Նեթանյահուն, ում աջակողմյան կոալիցիան կարող է խորհրդարանում կորցնել մեծամասնությունը առաջիկա երեքշաբթի օրն անցկացվելիք ընտրությունների արդյունքում, այցելել է արյունալի իրադարձությունների վայր և հայտարարել, թե զինվորականները պաղեստինցիներին դուրս կմղեն Հեբրոնի այն թաղամասից, որտեղից, նրա խոսքով, հարձակվողներն էին հայտնվել:
Իսրայելի վարչապետն ասել է, թե իրենց առաջիկա գործողությունները նմանվելու են 2025 թվականին պաղեստինցի փախստականների երկու ճամբարների վրա հարձակումներին, որոնց հետևանքով տասնյակ հազարավոր պաղեստինցիներ են տեղահանվել, և որոնք, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ, հավասարազոր էին պատերազմական հանցագործությունների, ինչը Թել Ավիվը հերքում է:
«Ճիշտ դա ենք անելու մենք այստեղ: Մենք տարհանելու ենք բնակիչներին, գնալու ենք տնից տուն, բռնագրավելու ենք զենքերը, և բոլոր ահաբեկչական ենթակառուցվածքները ոչնչացվելու են», - հայտարարել է Նեթանյահուն:
Վարչապետի այս խոսքերից հետո, Reuters-ի թղթակցի վկայությամբ, իսրայելցիների բուլդոզերները սկսել են քանդել մոտակա տները, որոնք, ըստ տեղացիների, որևէ կապ չունեն հարձակվողների հետ: