Իսրայելում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում՝ առաջինը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համասի» հարձակումից և դրան հաջորդած Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերից հետո, հաղորդում է The Jerusalem Post-ը։
Իսրայելցիները պատրաստվում են ընտրել Քնեսեթի 120 անդամի։ Քվեարկելու իրավունք ունի մոտ 7.3 միլիոն մարդ։ Ընտրություններն անցկացվում են համամասնական համակարգով. ընտրողները քվեարկում են կուսակցական ցուցակների, այլ ոչ թե անհատական թեկնածուների օգտին: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունը պետք է ստանա ձայների առնվազն 3.25%-ը:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա «Լիկուդ» կուսակցությունը հույս ունեն պահպանել իշխանությունը իշխող կոալիցիայի իրենց դաշնակիցների հետ միասին։ Հիմնական մրցակիցների թվում են գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը և նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթի և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի հիմնադրած «Բեյահադ» դաշինքը։
Վերջին նախընտրական սոցհարցումներով՝ ո՛չ իշխող կոալիցիան, ո՛չ էլ հիմնական ընդդիմադիր դաշինքը չեն ստանա 61 տեղանոց մեծամասնություն։ Channel 12-ի հետազոտության համաձայն՝ Նեթանյահուի հակառակորդները կարող են 56 մանդատի ակնկալիք ունենալ, նրա կոալիցիան՝ 50, իսկ արաբական կուսակցությունները՝ մնացած 14 տեղերը։
BBC-ն գրում է, որ Իսրայելի ապագա կառավարումը երկարատև ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի և տարածաշրջանում մոլեգնող պատերազմների վրա։ Եվ այստեղ ամենակարևոր հարցը Իրանի հետ պատերազմն է և այն, թե որքանով կարող է այս հարցն ազդել ընտրությունների արդյունքի վրա:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քարոզարշավն օգտագործել է Իրանի վրա նոր հարձակում սկսելու հնարավորության մասին խոսելու համար։ Նա առանց ապացույցներ ներկայացնելու Իրանի միջուկային սպառնալիքի մասին նոր պնդումներ է արել՝ կրկին ասելով, որ իսլամական ռեժիմը պետք է տապալվի։
Ինչու է այս ընտրությունը կարևոր
Ըստ BBC-ի՝ նրա նպատակն է ամրապնդել երկրին անվտանգություն ապահովող առաջնորդի իր հեղինակությունը, որին այդքան մեծ հարված հասցրեց Իսրայելի վրա 2023-ի հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումը:
Գործակալությունը գրում է, թե հնարավոր է, որ Նեթանյահուն փորձի ազգային միասնության կառավարություն ձևավորել: Սակայն նրա մրցակից, նախկին ռազմական հրամանատար Գադի Այզենկոտը, արդեն բացառել է որևէ միասնական կառավարությանը միանալը:
Ինչպես բոլոր իսրայելական քաղաքական գործիչները, Այզենկոտը Իրանը համարում է Իսրայելի գոյության համար սպառնալիք և աջակցում է իսլամական ռեժիմի դեմ ռազմական գործողություններին: Սակայն նա բացահայտորեն զգուշացրել է, որ դեմ է քաղաքական նպատակներով պատերազմը սրելուն:
CNN-ն էլ գրում է, որ վերջերս տեղի ունեցած գրեթե բոլոր ընտրությունները Նեթանյահուի վերաբերյալ հանրաքվե են եղել։ «Այս անգամ շատ իսրայելցիներ ասում են, որ ընտրությունն ավելի կարևոր է, քան երբևէ. և խոսքը ոչ միայն այն մասին է, թե ով կղեկավարի երկիրը, այլ, թե ուր է այն գնում»,- գրում է լրատվամիջոցը։