Մատչելիության հղումներ

Իսպանիան փակել է իր օդային տարածքը ԱՄՆ ռազմական ինքնաթիռների համար

Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի դեմ պատերազմում ներգրավված ԱՄՆ ինքնաթիռների համար։

«Մենք չենք թույլատրում ոչ ռազմական բազաների օգտագործումը, ոչ էլ օդային տարածքի օգտագործումը Իրանի դեմ պատերազմին առնչվող գործողությունների համար», - այսօր լրագրողներին հայտնել է Պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։

Ավելի վաղ El País-ն էր այս մասին գրել՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին և ընդգծելով, որ օդային տարածքի փակումը ստիպում է ռազմական ինքնաթիռներին շրջանցել ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիան՝ դեպի Մերձավոր Արևելք թռիչքների ժամանակ։

«Այս որոշումը մաս է կազմում Իսպանիայի կառավարության արդեն ընդունած որոշման՝ չմասնակցել և չնպաստել պատերազմին, որը սկսվել է միակողմանի և հակասում է միջազգային իրավունքին», - ռադիո Cadena SER-ին տված հարցազրույցում էլ ասել էր երկրի էկոնոմիկայի նախարար Կարլոս Կուերպոն։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների ամենախիստ քննադատներից մեկն է։

«Առաջին հերթին, ինչպես գիտեք, մենք մերժել ենք Միացյալ Նահանգներին օգտագործել Ռոտա և Մորոն ռազմաբազաները այս անօրինական պատերազմի համար։ Մենք ինքնիշխան երկիր ենք, որը չի ցանկանում մասնակցել անօրինական պատերազմներին»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել առևտուրը Մադրիդի հետ՝ Իսպանիայի կողմից պատերազմի ընթացքում իր բազաների օգտագործումը մերժելու համար։

XS
SM
MD
LG