Խորհրդարանական ընտրություններից չորս ամիս առաջ իշխանություններն ազդարարում են երևանյան հերթական խոշոր նախագծի մեկնարկը. այս անգամ էլ հայտարարում են Նորագյուղ թաղամասում 70 հարկանի երկնաքերներ կառուցելու ծրագրի մասին: Կառավարությունն այսօր քաղաքապետ Տիգրան Ավինյանին արտոնեց պետության անունից պայմանագրեր կնքել երկու ընկերությունների հետ ու ըստ էության սկսել տարածքում գտնվող մասնավոր սեփականությունների օտարումը:
«Շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համար, և այս հատվածը, կարելի է ասել, էականորեն, ենթադրվում է, որ բեռնաթափելու է մեր փոքր Կենտրոնը», - հայտարարեց Ավինյանը:
Երևանյան լճից մինչև Հաղթանակի կամուրջ հատվածում՝ Պասկևիչի բլրի լանջերին գտնվող Նորագյուղը խիտ կառուցված տներ ու նեղլիկ փողոցներ ունի: Նորագյուղի 1-2 հարկանի տներին, ըստ նախագծի, կփոխարինեն 70 հարկանի բարձրահարկերը:
Գործադիրի որոշման հիմնավորումներում ասված է. - «Նախատեսվում է բազմաֆունկցիոնալ` բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային կենտրոնի հիմնում մեծածավալ հասարակական բնույթի կառուցապատմամբ, բնակելի և համաքաղաքային նշանակության հանգստի գոտու ստեղծմամբ»:
Այս ամենը, սակայն, առայժմ՝ թղթի վրա. նախ պետք է բանակցել տարածքում տասնամյակներ առաջ կառուցված հարյուրավոր տների սեփականատերերի հետ՝ տարածքը գնելու համար:
«Պահո, էդ լավ չի», - այսպես արձագանքեց արդեն 20 տարի Նորագյուղում բնակվող Օֆելյա Չալիկյանը, որը հենց «Ազատություն»-ից իմացավ այս նախագծի մասին: Կինը կասկածում է, թե իրենց 130 քառակուսի մետրանոց տան ու թաղամասի հարյուրավոր մյուս ընտանիքների գույքի համար արդար փոխհատուցում կստանան. - «Չեմ վստահում, որ բոլորի պահանջները կարող են լրիվ կատարեն, չեմ կարծում»:
Կառավարությունը հայտարարում է՝ կփոխհատուցեն «շուկայական արժեք գումարած 30 տոկոս» բանաձևով:
Տիկին Սվետլանան 53 տարի առաջ է Նորագյուղ հարս եկել, հեռուստաէկրանից են իմացել նորությունը, ասում է՝ շուկայականը շատ հարաբերական է՝ պետք է հաշվել, համեմատել. - «Էնի նրա հետ բռնո՞ւմ ա, հարմա՞ր ա, սաղ ամեն ինչը կշեռքի հետ ա կապված՝ ոնց կստացվի»:
Հարևան՝ կրկին 130 քառակուսի մետր մակերեսով տանն ապրող կինն ավելի դրական է տրամադրված. - «Էլի որ, թող լավ լինի, թող սիրուն լինի մեր քաղաքը, ժողովուրդն ավելի լավ ձևով ապրեն»:
Հենց սեփականատերերի հետ պայմանավորվելու նպատակով Կառավարությունն այսօր քաղաքապետ Ավինյանին լիազորեց պայմանագրեր կնքել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունների հետ, որոնք էլ պետք է իրականացնեն օտարումը. ըստ որոշման՝ նրանք կլինեն այս նախագծի օպերատորները, բուն շինարարությանը մասնակցել չեն կարող:
Իսկ ո՞վ է այս ընկերությունների հետևում:
«ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ»-ի և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ»-ի 100 տոկոս բաժնետերը տարիներ առաջ սնանկացած «Գլենդել Հիլզ»-ի նախկին տնօրեն Էդուարդ Մելիքյանն է, որը նաև Ֆիրդուսի՝ Երևանի 33-րդ թաղամասից տարածքներ ստացած ու վաճառք սկսած «Դիանար» ընկերության մոտ 99 տոկոսի բաժնետերն է:
Սա այս պահին Երևանի քաղաքապետարանի ազդարարած մեծ նախագծերից միայն մեկն է: Նորագյուղի կողքին նախատեսում են նաև մի նոր ճանապարհ կառուցել, որը կկապի Իսակովի և Արշակունյաց պողոտաներն ու կմիանա Մոնթե Մելքոնյան փողոցին. ուղիղ գծով շուրջ 2 կիլոմետրի հասնող ճանապարհի կառուցապատումն, ըստ քաղաքապետի, կմեկնարկի գարնանը:
Երևանի Կենտրոնի մյուս մեծ՝ Կասկադի անավարտ վերնամասի կառուցման նախագծի մրցույթում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր փեսայի՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի «Ջի Թի Բի դիվելոփմենթ»-ն է հաղթել: «Կասկադ մշակութային հանգույց» ծրագրի իրականացման պայմանագիրն անցած ամիս ստորագրվեց: Նախատեսվում է, որ տարածքի շուրջ 7 հեկտար հողերը կօտարվեն «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ընկերությանը՝ 10.5 միլիարդ դրամով: «Ազատության» հետաքննությունը պարզել էր, որ Տեր-Ղազարյանը նախկինում սնանկ է ճանաչվել, չի կարողացել մարել «Արդշինբանկ»-ից ստացած վարկը:
Մեկ այլ խոշոր նախագիծ են նախատեսում իրականացնել Կասկադից ոչ շատ հեռու, Բաղրամյան- Օրբելի խաչմերուկում նոր՝ Սքայլայն թաղամասի կառուցման մասին են հայտարարել, 35 հարկանի շենքեր են կառուցվելու: Ծրագիրն իրականացնող «Ռենշին» ընկերությունն արդեն սկսել է բնակարանների վաճառքը:
Մինչ քաղաքապետարանը նոր մեծ նախագծերի մասին է ազդարարում, իշխանությունների գլխավոր խոստումներից մեկի՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը խոստացված ու մի քանի անգամ հետաձգված ժամկետում չի մեկնարկել, ավելին՝ Կառավարությունն անցած տարի հետ վերցրեց այդ նպատակի համար նախատեսված միջոցներն այլ ծախսեր փակելու համար: