Իշխանությունները չեն թաքցնում, որ հաշտ չեն Գյումրիում իշխանությունը կորցնելու հետ, բայց արդյոք տեղական ընտրություններից մեկ տարի անց իրատեսական է արտահերթի անցկացումը, այն դեպքում երբ «Քաղաքացիական պայմանագիրը» 14 մանդատ ունի, իսկ ընդդիմադիրները՝ 19: Փաստացի ավագանին լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու համար մեկ նստաշրջանում ավագանին պետք է առնվազն երկու նիստ չգումարի, ինչպես եղավ 2024 թվականի տարեվերջին:
Անցած հոկտեմբերին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո ավագանին կարողանում է նիստեր գումարել ու քվորում ապահովել: Բայց վարչապետ Փաշինյանը երեկ կարծես վճռական էր տրամադրված.
«Շատերը խոսում էին, թե այս ընտրությունների արդյունքում ՀՀ ում լինելու է «Գյումրի 2»: Ես ամիսներ առաջ եմ ասել, որ չի լինելու «Գյումրի 2», լինելու է «հեղափոխություն 2» և «Գյումրի 1»: Ինչ ա նշանակում «Գյումրի 1». 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո, ի վերջո, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը հիմա պատգամավորի թեկնածու է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով: Նա այսօր հրաժարվեց խոսել արտահերթի մասին վարչապետի մտադրությունից, ասաց՝ այս հարցին կանդրադառնա, երբ կուսակցությունը նախընտրական քարոզարշավով Գյումրիում լինի:
«Մեր քաղաքը» խմբակացության ղեկավար Լիզա Գասպարյանն, ով պատգամավորի թեկնածու է ԲՀԿ-ի ցուցակով, ասաց՝ եթե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկնվի Գյումրիի սցենարը, այսինքն՝ ընդդիմության իշխանության գալը, իրենք ևս հակված են Գյումրիում նոր ընտրությունների անցկացմանը: Օրեր առաջ դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանն այդ մասին խոսել էր ԲՀԿ-ի քարոզարաշավի ժամանակ:
«Եթե ուզում են «Գյումրի 1», Գյումրու նոր ընտրություններ կազմակերպել, խնդիր չկա»,- ասել էր Գրիգորյանը:
Լիզա Գասպարյանը վաղ համարեց «Գյումրի 1» իրենց սցենարի մասին խոսելը: Փաշինյանին հակադարձեց, թե Գյումրիի ավագանին շարունակում է օրինական աշխատանքը: Պնդեց՝ ինչ սցենարով էլ իշխանությունը գնա, ավագանու լուծարման, այս պահին անօրինական ու ոչ ժողովարդավար կլինի:
«Հիմա, ոնց որ թե, վարչապետ մակարդակով հնչեցվում է այդ կարծիքը, որ պիտի լինի արտահերթ ընտրություններ, այսինքն՝ եթե գյումրեցին չի ընտրել իրենց, այնուամենայնիվ, իշխանությունը հաշտ չէ այդ ընտրության հետ, այնուամենայնիվ, «մենք ժողովրդավար երկրում չենք ապրում և ամեն բան անելու ենք, որպեսզի հասնենք այդ աթոռին», այսպես ասած»,- նշում է Լիզա Գասպարյանը:
Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը ևս պատգամավորի թեկնածու է «Հայաստան» դաշինքով: Վարչապետի երեկվա հայտարությանն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին կոշտ արձագանքեց ու առաջարկեց Կոմիտաս լսել:
«Բարբառայինով ասած՝ հո «բեսպրեդելի» դար չի՝ ոնց ուզեն, էդպես անեն, կամ ո՞վ է ասել, որ իրենք ընտրվելու են, որ մի հատ էլ որոշեն Գյումրիում ինչ են անելու։ Հիմա պարտվել են իրենց իսկ հռչակած օրենքներով, իրենց իսկ հռչակած ժողովրդավարական կարգով ընտրություններ են տեղի ունեցել և պարտվել են, ի՞նչ են ուզում մեզանից, ի՞նչ են ուզում իրենք հասարակ քաղաքացուց: Պարտվում են, գոհ չեն, հաղթում են, գոհ չեն, ինչի՞ց են իրենք դժգոհ։ Մնում է իրենց խորհուրդ տալ, որ Կոմիտաս լսեն, խախանդվեն»,- ասում է Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը:
Իշխանությունները պնդում են, որ «Գյումրի 1»-ն իրականացնելու են օրենքի սահմաններում: Կարեն Սիմոնյանը հարցնում է՝ օրենքով՝ ինչպե՞ս. «Սա ավագանու ինստիտուտ է, վերջապես»,- ընդգծում է Սիմոնյանը:
«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը ևս արտահերթ ընտրություններով ավագանին լուծարելու օրինական ճանապարհ չի տեսնում, դա մանիպուլյացիա որակեց:
«Խոսել, որ օրինական ընտրված ավագանուն օրինական ճանապարհով լուծարել և նոր Նիկոլ Փաշինյանի սրտին հաճո ընտրություններ կազմակերպել, դա Փաշինյանական հերթական մանիպուլյացիան է»,- ասում է Մխիթարյանը։
Մխիթարյանն, ի դեպ, ի տարբերություն Գյումրիի ավագանու մյուս խմբակցության ղեկավարների, խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում: